Երևան

«Երևանում կան հայերի զանգվածային գնդակահարություններ իրականացրած գործիչների անունով փողոցներ». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Երևանն ապրող և շնչող օրգանիզմ է, և այժմ էլ քաղաքում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ, կառուցվում նոր փողոցներ, և ի սկզբանե պարզ է, որ այդ փողոցներն անվանակոչված չեն լինում, համարակալված են լինում։ Վստահաբար, անվանակոչումներն ունեն նաև ճանաչողական, լուսավորչական և մշակութային նպատակ», - Երևանի ավագանու նիստում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով փողոցների անվանափոխության հարցին։

«Երեկ մասնակցել եմ թիվ 180 դպրոցի անվանակոչման, այսպես ասած՝ բացման գործընթացին։ Դպրոցն ավագանին անվանակոչել է Զապել Եսայանի անունով։ Եվ հենց դպրոցում մի շատ գեղեցիկ ներկայացում տեղի ունեցավ։ Վստահ եմ, որ հենց այդ դպրոցի սաները շատ ավելի հետաքրքրված են լինելու Զապել Եսայանի անձով։ Կարծում եմ՝ այս անվանակոչումները պետք է շարունակվեն, և ավագանին պետք է այդ գործառույթն իրականացնի ավելի համակարգված, ինչպես առաջարկում է պարոն Խաժակյանը։ Միգուցե արժե նաև անվանափոխությունների հարցերին անդրադառնալ, որովհետև կան անձինք, որոնց անուններով կոչված են փողոցներ, որոնք մասնակցել կամ կազմակերպել են հայերի զանգվածային գնդակահարություններ։ Մենք պետք է անդրադառնանք այդ հարցերին»,- ասաց Տիգրան Ավինյան։

Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց ավագանու անդամներին, որոնք հանդես են գալիս անվանակոչումների նախաձեռնություններով։ Փոխքաղաքապետը շեշտեց, որ այդ գործընթացը ավագանու գործառույթն է։