Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ավագանու նիստում անդրադարձել է Նուբարաշենի աղբավայրի հրդեհին։ Նրա խոսքով՝ մայիսյան անձրևների պայմաններում նման ծավալի հրդեհն անսպասելի էր. «Այն 31 հա-ն, որ վարձակալությամբ տրված է ընկերությանը, գրեթե ամբողջ պարագծով բռնկվել է»։
Արեյանն ասել է, որ բոլոր անհետաձգելի աշխատանքները կազմակերպվել են կրակը մարելու և ծուխը վերացնելու ուղղությամբ. «Հրդեհի առաջին դեպքը չէ. ամեն տարի ամռան շոգերին բռնկվել է»։
Արեյանը նաև հորդորել է բոլորին՝ մտքներով չանցկացնել, թե իրենք հաշտվել են հրդեհի հետ ու սպասում են՝ երբ կմարի հրդեհը. «Համայնքային, մասնավոր ռեսուրսները, փրկարար ծառայության ռեսուրսները ներդրված են։ Մեզ այսօր միացավ նաև առողջապահության նախարարությունը»։
Ըստ նրա՝ մոբիլիզացված է ռեսուրսի առավելագույնը։ Արեյանը միաժամանակ նշեց, որ խնդրի լուծումը տեսնում է նոր աղբավայրի կառուցման մեջ։