Երևան

«Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կճշգրտի մայրաքաղաքի սահմանները»․ Տիգրան Ավինյան

«Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կճշգրտի մայրաքաղաքի սահմանները»․ Տիգրան Ավինյան

Նոր կառուցված ճանապարհներն սպասարկելու առնչությամբ զեկուցվել է, որ ամբողջությամբ փոխվելու է աշխատանքի մեթոդաբանությունը: Այսուհետ փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման ու հենապատերի փոփոխման համար առանձին մրցույթներ չեն լինելու. ամբողջ գործընթացն իրագործելու է «Ճանշինը»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Նրա խոսքով՝ հանձնարարվել է վերանայել գծանշման պահանջները՝ ապահովելով բարձրորակ նյութերի օգտագործում, ինչի շնորհիվ արվածը կծառայի ավելի երկար:

«Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կճշգրտի մայրաքաղաքի սահմանները: Հանձնարարվել է այս և քաղաքաշինական մյուս ծրագրերում աշխատանքները կազմակերպել մեկ ընդհանուր սկզբունքով՝ օգտագործելով էլեկտրոնային GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) համակարգը: Կադաստրի կոմիտեի հետ համայնքը կքննարկի նաև Կոնդ թաղամասի բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշգրտման ու չափագրման խնդիրը:

Երևանի բնակֆոնդի թարմացման, վթարային շենքերի վերականգնման նպատակով համայնքը կհամագործակցի կառուցապատողների հետ: Շահագրգռությունը մեծացնելու նպատակով առաջարկվել է դիտարկել ոչ թե մեկ շենքի, այլ բակի տրամաբանությունը, որը կներառի մի քանի շենք և հնարավորություն կտա բնակիչներին հարմարավետ տարբերակով բարելավելու իրենց բնակարանային պայմանները:

Համայնքային մանկապարտեզներում նախատեսվում է ներդնել երկարօրյա ծառայություն, ինչն աշխատող ծնողներին հնարավորություն կտա երեխաներին վերցնել աշխատանքային ժամերից հետո: Թե որ ծառայությունը ինչ սկզբունքով կմատուցվի՝ հավելյա՞լ վճարով, թե՞ այլ տրամաբանությամբ, քաղաքային իշխանությունը դեռ կքննարկի: Վարչական շրջանների ղեկավարները ներկայացրել են այգիների, բակային տարածքների բարեկարգման ու հիմնանորոգման աշխատանքների ու ծավալուն ծրագրերի ընթացքը:

Հաշվի առնելով քաղաքում օդի աղտոտվածության մակարդակը՝ հանձնարարվել է որպես պարտադիր պահանջ սահմանել շինարարական աշխատանքների ընթացքում փոշու որսիչ ցանցերի առկայությունը և իրականացնել խիստ հսկողություն:

Գործարկման է պատրաստ քաղաքապետարանի կողմից իրականացվող նախագծերի վերաբերյալ բնակիչների կարծիքները գրանցելն ապահովող առցանց հարթակը: Հանձնարարվել է այդ հարթակում նոր առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ստեղծել»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական