Երևան

Նոր կանոնավոր ուղևորափոխադրում դեպի «Զվարթնոց» օդանավակայան

Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագրով թվայնացվել է գործող երթուղային ցանցը: Աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ ուսումնասիրվել են «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող բոլոր 24 երթուղիներում, կազմվել են ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների կրկնվող գծերի համադրումները: Որոշվել է «Գազել» մանիշի 363 միկրոավտոբուսային շարժակազմերը փոխարինել 143 ավտոբուսով: 

Շարժակազմի թվային նվազեցման հետևանքով կբեռնաթափվի երթևեկությունը, կփոքրանա նաև փախադրամիջոցների օրական վազքը՝ պակասեցնելով շահագործման և սպասարկման ծախսերը: 

Առաջին փոփոխությունը նախատեսվում է հունիսի 1-ից: Համար 3 և 12 երթուղիները կփոխարինվեն մեկ ավտոբուսային երթուղով: Ավտոբուսներով կսպասարկվի նաև 13 միկրոավտոբուսային երթուղին: 

Հունիսի 1-ից 5 համարի ավտոբուսային երթուղին կշահագործվի «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներով: Նոր շարժակազմերը երթուղիներ դուրս կգան 15 օրը մեկ: 

Կներդրվի նաև նոր կանոնավոր ուղևորափոխադրում դեպի «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ՝ Իսակովի պողոտա - «Հաղթանակի» կամուրջ - Մաշտոցի պողոտա - Ֆրանսիայի հրապարակ ուղեգծով: Այն կգործի 45 րոպե պարբերականությամբ: 

«Փոփոխությունների շնորհիվ մինչև սեպտեմբեր հին «Գազել»-ներով սպասարկող բոլոր գծերը փոխարինած են լինելու նոր ներկրված ավտոբուսներով: Ունենալու ենք  նաև նոր գիծ, որը «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներով սպասարկելու է Կենտրոնից օդանավակայան երթուղին, ինչն առաջին դրական տպավորությունները կստեղծի Երևանի մասին: Այժմ պետք է աշխուժացնենք աշխատանքներն ընդհանուր ցանցի կառավարման համակարգ ներդնելու նպատակով, որի բաղկացուցիչ մասն է չվացուցակը: «Յանդեքս» ընկերության հետ նախնական որոշ քննարկումներ ունեցել ենք: Այս գործընթացը պետք է արագացնենք, որպեսզի քաղաքացիներին համար հնարավորություն ստեղծենք քարտեզի վրա տեսնելու բոլոր ավտոբուսները: Այդ հնարավորությունը պետք է լինի նաև կանգառներում ու կանգառասրահներում»,- հանձնարարել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Զեկուցվել է, որ այսօր ևս 4 տրոլեյբուս կհասնի Երևան, իսկ մինչև մայիսի վերջ բոլոր 15 շարժակազմերը կլինեն քաղաքում:

«Տրոլեյբուսները մեզ հնարավորություն են տալիս ցանցից անջատված վարել հավելյալ ևս 60 կմ: Դա նշանակում է, որ մեր տրոլեյբուսային ցանցը մի փոքր փոփոխվելու և ընդլայնվելու է»,-նշել է Ավինյանը:
***
Նոր կառուցված ճանապարհներն սպասարկելու առնչությամբ զեկուցվել է, որ ամբողջությամբ փոխվելու է աշխատանքի մեթոդաբանությունը: Այսուհետ փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման ու հենապատերի փոփոխման համար առանձին մրցույթներ չեն լինելու. ամբողջ գործընթացն իրագործելու է «Ճանշինը»:

Հանձնարարվել է վերանայել գծանշման պահանջները՝ ապահովելով բարձրորակ նյութերի օգտագործում, ինչի շնորհիվ արվածը կծառայի ավելի երկար: 

***
Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կճշգրտի մայրաքաղաքի սահմանները: Հանձնարարվել է այս և քաղաքաշինական մյուս ծրագրերում աշխատանքները կազմակերպել մեկ ընդհանուր սկզբունքով՝ օգտագործելով էլեկտրոնային GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգ)  համակարգը:
Կադաստրի կոմիտեի հետ համայնքը կքննարկի նաև Կոնդի թաղամասի բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշգրտման ու չափագրման խնդիրը:  
«Դեռևս 2019թ. Կոմիտեն նոր չափագրումներ է իրականացրել, իսկ 2021թ. ունեցել ենք Կոնդի նախագծի մրցույթի առաջին փուլը: Կառավարության հետ պետք է քննարկել 2-րդ փուլը՝ այս երկու գործընթացները զուգահեռ իրականացնելու համար: Որպեսզի բնակիչների իրավունքները պաշտպանված լինեն, պետք է առաջնահերթորեն սեփականության իրավունքներով արձանագրվեն իրենց իրական տարածքները և ոչ 2000-ականների սկզբին կազմված տվյալները: Այս քայլերից հետո միայն կխոսենք նոր նախագծի մասին, որը ենթադրում է  ցածրահարկերով, հասարակական վայրերով, մշակութային ժառանգությունների պահպանմամբ ծրագիր»,-ընդգծել է Տիգրան Ավինյանը: 
***
Երևանի բնակֆոնդի թարմացման, վթարային շենքերի վերականգնման նպատակով համայնքը համագործակց կառուցապատողների հետ: Շահագրգռությունը մեծացնելու նպատակով առաջարկվել է դիտարկել ոչ թե մեկ շենքի, այլ բակի տրամաբանությունը, որը կներառի մի քանի շենք և հնարավորություն կտա բնակիչներին հարմարավետ տարբերակով բարելավելու իրենց բնակարանային պայմանները: 
***
Համայնքային մանկապարտեզներում նախատեսվում է ներդնել երկարօրյա ծառայություն, ինչն աշխատող ծնողներին հնարավորություն կտա երեխաներին վերցնել աշխատանքային ժամերից հետո: Թե որ ծառայությունը ինչ սկզբունքով կմատուցվի՝ հավելյա՞լ վճարով, թե՞ այլ տրամաբանությամբ, քաղաքային իշխանությունը դեռ կքննարկի:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է նաև փոխել մեթոդաբանությունը:

«Մեզ մոտ կրթության որակին առնչվող բազնաթիվ հարցեր կան: Անկախ այն բանից,  որ մանկապարտեզների աշխատանքի կազմակերպչական դերը Երևանի քաղաքապետարանինն է, բովանդակային իմաստով, կարծում եմ, մի փոքր ակտիվ կարող ենք լինել, աշխատել ԿԳՄՍ նախարարության հետ և  որպես առաջնային օղակ ներկայացնել բովանդակությունը լրամշակելու մեր առաջարկները: Այս առումով կարելի է մեր համակարգում ներդնել նաև մասնավոր մանկապարտեզների հաջողված  փորձը»,-նշել է փոխաքաղաքապետը:  
***
Վարչական շրջանների ղեկավարները ներկայացրել են այգիների, բակային տարածքների բարեկարգման ու հիմնանորոգման աշխատանքների ու ծավալուն ծրագրերի ընթացքը: 
Հաշվի առնելով քաղաքում օդի աղտոտվածության մակարդակը՝ հանձնարարվել է որպես պարտադիր պահանջ սահմանել շինարարական աշխատանքների ընթացքում  փոշու որսիչ ցանցերի առկայությունը և իրականացնել խիստ հսկողություն:
***
Գործարկման է պատրաստ քաղաքապետարանի կողմից իրականացվող նախագծերի վերաբերյալ բնակիչների կարծիքները գրանցելն ապահովող առցանցը հարթակը: Հանձնարարվել է այդ հարթակում նոր առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ստեղծել: