«Փողոցների գծանշման աշխատանքները Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում ավարտված են, բացառությամբ այն փողոցների, որտեղ պետք է իրականացվեն շինարարական աշխատանքներ»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այժմ գծանշման աշխատանքներ են արվում Քանաքեռ Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա և Արաբկիր վարչական շրջաններում։ Դրանք կավարտվեն այս ամսվա վերջ, իսկ Արաբկիրում՝ հունիսի 15-ին. «Մնացած վարչական շրջաններում աշխատանքները պլանավորվում է սկսել հունիսին, ավարտը՝ հուլիսին»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ նախատեսված ժամկետներից շեղումներ չպետք է լինեն, բացառությամբ, եթե եղանակային պայմանները վատանան։
Երևան փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ առաջարկեց հաջորդ տարվանից վերանայել գծանշման աշխատանքների որակն ու պահանջները. «Փողոցները, որտեղ իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ, գծանշման աշխատանքներում դիտարկել տերմոպլաստը՝ որպես ավելի բարձր որակի նյութ, որը երկար է ծառայում»։