Երևան

«Երևանը գնման վկայականներ է տալու բնակարանների բնակիչներին». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը գործակարգավարական նիստում ներկայացրել է Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Նրա խոսքով՝ վերջին այցից հետո բոլոր բնակիչների հետ զրուցել են առանձին-առանձին և ներկայացրել բնակարանների ձեռքբերման վկայականների տրամաբանությունը, չափը և մյուս մանրամասները։

Մաչյանի խոսքով՝ քաղաքացիներից ստացել են երկու տիպի դժգոհություններ. «Առաջինը․ բնակարան ձեռք բերելու դժվարություններն են՝ կապված գումարն ստանալուց հետո բնակարան ձեռք բերելու հետ։ Երկրորդը, որն ավելի մեղմ դժգոհություն էր, քառակուսի մետրի հաշվարկի տրամաբանության վերաբերյալ է»։

Քաղաքապետի տեղակալն ասաց, որ հանդիպումներ է ունեցել կառուցապատողների հետ և փորձել հասկանալ՝ նշված քառակուսի մետրերով և գնային պայմաններով բնակարանների առաջարկ կա՞․ «Կա դրական պատասխան»։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը առաջարկեց բարձրաձայնել, թե ինչի մասին է խոսքը։ «Մեկ քառակուսի մետրի հաշվարկը 402 հազար դրամ է։ Իհարկե, Երևանի կենտրոնում բնակարան չես գնի այդ գնով, բայց, վստահաբար, քաղաքում հնարավոր է գտնել բնակարաններ։ Կարծում եմ՝ բավականին ռացիոնալ թիվ է»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ իր համար մի փոքր անհասկանալի է՝ քառակուսի մետրերի հաշվարկը արձանագրված փաստաթղթային տրամաբանությա՞մբ է այդ չափումն իրականացնում, կա՞ որևէ թուղթ։

Մաչյանն արձագանքեց՝ կա, ապա հավելեց՝ նշված շենքերը նախկին հանրակացարանային շենքեր են, և այնտեղ 1 բնակարանը 18-30 քառակուսի մետր է։

Տիգրան Ավինյանն էլ ասաց՝ պայմանավորվել ենք, որ ավելի էլ ենք տալու։

«Անխտիր բոլոր դեպքերում մենք ավելի ենք տալու», - վերահաստատեց Ստեփան Մաչյանը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցրեց՝ բողոքը ո՞րն է։ Հետո հիշեցրեց, որ խոսում են 4-րդ կարգի վթարային շենքի մասին, որը հնարավոր ամեն երկրաշարժից կարող է փլվել․ «Մենք գիտակցում ենք այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու՝ մեր պատասխանատվությունը, թեև ուղիղ պարտավորություն Երևանի քաղաքապետարանը չունի։ Բայց մենք այդ գիտակցումով, հասկանալով վտանգը, քաղաքացիների անվտանգության խնդիրը, գնում ենք ֆինանսական լուծման։ Երևանը գնման վկայականներ է տալու բնակարանների բնակիչներին, և ես խնդրում եմ համապատասխան վերաբերմունք ունենալ նաև քաղաքապետարանի նկատմամբ, որովհետև մենք, կոպիտ ասած, մենակ փրկողի դերում չենք կարող լինել։ Պետք է լինի համագործակցություն»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։