Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել մայրաքաղաքի փողոցների փոսալցման աշխատանքների վերաբերյալ։
Միաժամանակ, Գրիգորյանը ներկայացրել է այդ աշխատանքների ընթացքում առկա խնդիրները. «Լուրջ խնդիր ունենք փոսալցման շինարարների հետ, հատկապես՝ երկուսի, որ տարել են 10 լոտ։ Չեն կարողանում մի քանի խմբով աշխատանք իրականացնել, դրան գումարած՝ չունեն ո՛չ համապատասխան տեխնիկական միջոցներ, ո՛չ տարածք, որտեղից ասֆալտ են ներկրում»,- ասաց նա՝ հավելելով, որ մրցույթը շահած այդ ընկերությունների փոխարեն չեն կարող ուրիշներն իրականացնել. «Մեկի մասով երեք նկատողություն է տրված արդեն, պայմանագրի խզման ծանուցում է լինելու, մյուսի մասով կա մեկ նկատողություն, կրկնվելու դեպքում պայմանագիրը կլուծվի»։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվեց, թե ինչու տեխնիկական խնդիրներում ներառված չեն համապատասխան չափորոշիչներ, ինչպես, օրինակ, սեփական ասֆալտի գործարան ունենալը. «Պարզ է, որ գործարան ունեցող ընկերությունը պետք է զբաղվի այս ծավալի աշխատանքներով»։
Տիգրան Ավինյանը նշեց, թե իրենք ուզում են, որ փոսերը տեղում քանդվեն ու փոսալցվեն նույն օրը. «Պետք է գրել, որ նույն օրը պետք է դա տեղի ունենա, հետևաբար, պետք է մասնակցեն այնպիսի ընկերություններ, որոնք ունեն այդ հնարավորությունը»։ Ավինյանը հանձնարարեց, որ այսուհետ նոր պահանջ է լինելու՝ քանդելն ու փոսալցնելն արվի նույն օրը։