Երևան

«Եթե մի անգամ ասվեց, երկրորդ անգամ չուղղվեց, համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն». Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե իրենց նպատակն է մայրաքաղաքում կանոնակարգել շինարարական աշխատանքները, ապօրինի շինարարության հետ կապված խնդիրները. «Առաջին հերթին չորրորդ ռիսկայնության օբյեկտների մասին է խոսքը, չնայած՝ մնացածը պակաս չեն։ Մինչև մենք չհամոզվենք, որ շինարարական բոլոր նորմերը պահպանվում են շինարարների կողմից, մինչև չհամոզվենք, որ շինաղբի հետ կապված խնդիրը վերացված է, որ մշակույթից դուրս է գալիս համայնքային հողի զավթումները, առանց թույլտվության հավելյալ շինություններ կառուցելը, ձեր աշխատանքների ինտենսիվությունը պիտի չնվազի»,- ասաց Ավինյանը՝ դիմելով քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերին։

Նրա խոսքով՝ հատկապես սեփական տան մասին խոսելիս միշտ մոտեցումը եղել է ավելի մեղմ. «Եթե մի անգամ ասվեց, երկրորդ անգամ չուղղվեց, համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն»։

Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև Երևանում նորակառույցների շինարարական աշխատանքներին՝ հավելելով, որ հազվադեպ է, երբ նախագիծն ու վերջնարդյունքը համապատասխանում են. «Դրա արդյունքում ընդունել ենք որոշակի կարգավորումներ ոչ էական շեղումների վերաբերյալ»։ Ըստ նրա՝ սա ևս կարևոր մշակութային հարց է։