Երևան

«Պետք է համոզվել, որ կառուցապատողներն էժան պրծնելու խաթր հնարավորություն ուղղակի չունեն շինաղբը տանել». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել շինաղբի տեղափոխման գործընթացին։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ներդրվող համակարգը պետք է լինի այնպիսին, որ չսկսեն մտածել, թե կառուցապատողները «թուղթ են սկսել առնել»։ Ըստ Ավինյանի՝ պրոցեսը պիտի հստակ և վերահսկելի լինի. «Պետք է համոզվել, որ կառուցապատողներն էժան պրծնելու խաթր հնարավորություն ուղղակի չունեն շինաղբը տանել ու թափել չնախատեսված վայրում։ Կամ նույնիսկ եթե ունեն, դա շատ թանկ պիտի նստի իրենց վրա, և մենք էլ վստահ պիտի լինենք դրանում»։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ նշեց, թե մշակվել է ընդունող կազմակերպության, աղբն արտադրողի և տեղափոխողի՝ երեք կողմերի ստորագրությամբ կտրոնի ձևը։ Նա հայտնեց, որ կան կտրոնները կեղծելու մտահոգություններ, սակայն դրանք բացառելու համար մշակում են ևս մեկ մեխանիզմ. «Որպեսզի չափելի լինի աղբի չափը, որ հետագայում պետք է ամրագրվի կտրոններում»։