Երևան

Աջափնյակում տեղի է ունեցել նահատակված հերոսներին նվիրված խաչքարի բացման արարողություն

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանի հրավերով այսօր հերթական շրջայցին միացել էին Երևան քաղաքի ավագանու անդամներ Վազգեն Մանուկյանը, Արման Բաբաջանյանը, Ասքանազ Աբրահամյանը, Արման Հարությունյանը, Նաիրա Խառատյանը և Տիգրան Գալստյանը։ Ղեկավար կազմը և հյուրերը այցելել են Ֆուչիկի երկրորդ նրբանցք 7 շենքի հարևանությամբ գտնվող նորաբաց այգի, որտեղ տեղի է ունեցել բնակիչների կողմից տեղադրված խաչքարի բացման արարողությունը` նվիրված հայրենիքի համար նահատակված հերոսներին։

Բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչական շրջանի ղեկավարին` կատարված ահռելի աշխատանքի համար։ Շրջելով բակային տարածքներով` Բաբինյանն ավագանու անդամներին ներկայացրել է տվյալ հասցեում կատարված և կատարվելիք աշխատանքների մասին։ Շրջայցի ընթացքում այցելել են նաև Հալաբյան, Շինարարներ, Լենինգրադյան փողոցներ, և ավագանու անդամները մանրամասն ծանոթացել են առկա խնդիրներին, որոնց լուծումը դեռ ընթացքի մեջ է։

Ուշադրություն է դարձվել Հալաբյան փողոցի ողջ երկայնքով սալիկապատված մայթերին, նոր կանգառասրահներին, կանգառասրահների մոտ տեղադրված նոր աղբամանների հարմարավետությանը։ Վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ շուտով կսկսվեն Լենինգրադյան փողոցի մայթային տարածքի ամբողջական սալիկապատման աշխատանքները։ Նմանատիպ շրջայցերը կրելու են մշտական բնույթ ։