Երևան

«Ավարտեցի՞նք մալուխների անցկացումը գետնի տակ». Հովհաննիսյանը՝ Ամիրյան փողոցի աշխատանքների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է Ամիրյան փողոցի մալուխները գետնի տակ անցկացնելու աշխատանքները․ «Երեկ նկատեցի, որ արդեն այնտեղ մեկ շերտ ասֆալտ է արվել։ Ավարտեցի՞նք մալուխների անցկացումը գետնի տակ։ Ծրագիրը ո՞ր փուլ է հասել», - հետաքրքրվեց Հովհաննիսյանը։

«Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Թևոսյանը հայտնեց, որ նախատեսված աշխատանքները ավարտին են հասցվել ժամկետի մեջ։ Հիմա անցնում են մյուս փուլին՝ օպերատորները պետք է իրենց տեխնիկան անցկացնեն գետնի տակ․ «Ասֆալտապատման աշխատանքները վերջնակա՞ն են։ Այդ տեսքի՞ն է մնալու փողոցը, թե՞ ևս մեկ շերտ է ավելանալու»,- հետաքրքրվեց Լևոն Հովհաննիսյանը։

Անդրանիկ Թևոսյանն ասաց, որ ևս մեկ շերտ չի ավելանալու, բայց եթե եղանակային պայմանների պատճառով լինեն խնդիրներ, պայմանավորվածություն կա փոխարինել նոր շերտով։