Երևան

«Այգիները պետք է լինեն երևանցիների զբոսնելու վայրը, ոչ թե մեկ-երկու սրճարանատիրոջ սեփականություն». Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե այգիները տարատեսակ կրպակներից, ցանկապատերից և շինություններից մաքրելու աշխատանքներն իրենց ծրագրերի մի մասն է. «Ուզում եմ՝ այդ աշխատանքներում շատ հետևողական լինենք, որովհետև այն տարածքները, որ հանրությունից վերցվել են, պետք է վերադարձվեն։ Այգիները պետք է լինեն կանաչապատ, լինեն մեր բոլորի՝ երևանցիների զբոսնելու վայրը, ոչ թե մեկ-երկու սրճարանատիրոջ սեփականություն»,- ասել է Ավինյանը։

Նա շեշտել է շինհրապարակներում սահմանված կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտությունը. «Այստեղ կոմպրոմիսի տեղ չունենք, որովհետև նաև ոչ պատշաճ շինարարության հետևանքն է քաղաքում օդի աղտոտվածությունը»։

Տիգրան Ավինյանը շեշտել է, որ պետք է կանխել նախագծից շեղումները. «Նախագծից նպատակադրված շեղումներին, հավելյալ ծավալներին, առհասարակ այլ բան կառուցելուն՝ այդտեղ մեր քաղաքականությունը հստակ է»։ Ըստ Ավինյանի՝ «Չպետք է թույլ տալ, որովհետև տարիների ընթացքում «մոտավորապես» մոտեցմամբ՝ «հա, դե թողնենք, արդեն կառուցել է», քաղաքը դարձել է այն, ինչ կա։ Երևանի կենտրոնին նայում ես, աչքերիցդ արյուն է թափվում»։