Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանն այսօր Երևանի ավագանու նիստում անդրադարձավ Աջափնյակի՝ գազի խնդիր ունեցող բազմահարկ շենքերին․ «Պարոն Ավինյանի նախաձեռնությամբ շուրջ 4-5 տարի քննարկված այս հարցը նորից դարձավ արդիական։ Ստեղծվել է աշխատանքային խումբ «Գազպրոմ»-ի երևանյան գրասենյակի, Աջափնյակ շրջանի ղեկավարի աշխատակազմի և մեր կողմից։ Մանրակրկիտ ուսումնասիրվել են Բաշինջաղյան 188-192 աջակողմյան 4 շենքերը։ Ներքին գազաբաշխիչ ցանցի անցկացումը շենքի կոնստրուկտորական մասը թույլ չի տալիս։ Դա մասնագիտական եզրակացություն է։ Դա սպառնում է շենքի անվտանգությանը, և անթույլատրելի է անել ներքին ձևափոխումների հաշվին, որովհետև արտաքին որևէ օդափոխության համակարգ չկա այդ շենքերում»,- ներկայացնելով ստեղծված իրավիճակը՝ ասաց Կամո Արեյանը։
Նրա խոսքով՝ «Գազպրոմի» կողմից ընտրվել է մեկ տարբերակ՝ միասնական կենտրոնացված կաթսայատան տարբերակը, որը տեղում բնակիչների հետ քննարկվել է․ «Անցած շաբաթ համատիրությունների նախագահների հետ եղել եմ տեղում, սպասում ենք վարչական շրջանի ղեկավարի կողմից 4 շենքի համասեփականատերերի համատեղ գրավոր համաձայնությանը, որը եկող շաբաթ կներկայացնեմ պարոն Ավինյանին, և կանցնենք գործնական լուծումների»,- հայտնեց Արեյանը։