Երևան

«Շենքի վրա գովազդը հյուր է, ոչ թե շենքի տեր». փոփոխություններ` գովազդի տեղադրման չափորոշիչներում

Արտաքին գովազդի շատ վահանակներ ու շենքերին փակցված գովազդներն այսօր աղավաղում են երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը: Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում: Որոշման նախագիծը ներկայացնող Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդգծեց, որ համակարգային փոփոխության հիմքում դրված է մեկ նպատակ՝ կանոնակարգել ոլորտն ու լուծումներ տալ առկա խնդիրներին.

 «Երևանցիները, տնտեսվարողները պետք է հասկանան, որ շենքի վրա գովազդը հյուր է, ոչ թե՝ շենքի տեր: Գովազդը պետք է հարմարվի շենքին՝ հնարավորին համեստ լինի և չխաթարի արտաքին տեսքը, և ոչ թե հակառակը: Առաջնային փուլով մենք անդրադառնում ենք ոլորտում բիզնես գործունեություն իրականացնող սուբյեկտներին, որովհետև իրենք առավել լավ պետք է պատկերացնեն, թե ինչպես է պետք պատասխանատու գործունեությամբ զբաղվել Երևանում, երկրորդ փուլով՝ արդեն իրազեկման աշխատանքներով, հորդորներով նաև տուգանքների կիրառմամբ ու գովազդների ապամոնտաժմամբ մենք պետք է հասնենք նրան, որ մեր քաղաքը չունենա այն տեսքը, որն այսօր առկա է մայրաքաղաքում»: