Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվել է բնակիչների կարծիքների հավաքագրման առցանց հարթակի մշակման աշխատանքները։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ հարթակի մշակման վերջնաժամկետը մայիսի 15-ն է. «Բլոքչեյն տեխնոլոգիաներով է իրականացված, բայց եթե լիներ ուղղակի կարծիքների հավաքագրման հարթակ, կարելի էր և ֆեյսբուքի միջոցով անել։ Բայց մի քանի հանգամանք կա՝ հարթակում պետք է քվեարկության իրավունք ունենան Երևանում ընտրելու իրավունք ունեցող անձինք։ Երկրորդն էլ՝ կայքը խիստ նույնականացման մեխանիզմ է ենթադրում, որ մարդիկ չկարողանան իրար խնդրել քվեարկել կամ ֆեյք-օգտահաշիվներով արհեստական ձայներ ապահովել։ Բլոքչեյն տեխնոլոգիան հենց այդ նպատակով է կիրառվում, որ որևէ մեկը կասկած չունենա, թե քաղաքապետարանն է ցանկացել այս կամ այն տարբերակի օգտին արհեստականորեն շատ քվեարկություն ապահովել»։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադառնալով այն հանգամանքին, որ այդ ծրագիրը տեղական ուժերով է իրականացվել, նշեց. «Սա, փաստորեն, Ձեր իրականացրածն է․ հարգանքի արժանի է»։