Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը տեղեկացրել է, որ Երևանում բազմաբնակարան շենքերի շինարարության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ընթացքում նախորդ շաբաթ կազմվել է 32 արձանագրություն:
Նա մանրամասնել է, որ այդ 32 արձանագրություններից 11-ը ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերն են, 20 արձանագրությունները շինհրապարակների հմար սահմանված պայմանների չպահպանման դեպքերն են և մեկ արձանագրություն սանիտարական պայմանների խախտման դեպքով է:
«Նույն ժամանակահատվածում իրականացվել է մեկական քանդման աշխատանքներ Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջաններում, մետաղական կոնստրուկցիաների քանդում է իրականացվել:
32 արձանագրություններից մեկ կարևոր և կոպիտ խախտման դեպք կա: Արշակունյանց 192 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման համար ստացված շինթույլտվությամբ իրականացվող աշխատանքների ընթացքում նախագծի պահանջներից դուրս իրականացվել է լրացուցիչ 2 հարկի կառուցման, երկաթբետոնե սյուների կառուցման աշխատանքներ: Տվյալ կառուցապատողը կառուցապատման և հողի վերահսկողության վարչության կողմից մեկ ամիս առաջ առձառն ստացել է ծանուցում նախագծային շեղումները բացառելու վերաբերյալ: Վարչարարությունն իրականացվել է, արձանագրությունը կազմվել է»,-ասաց Յակով Ասատրյանը:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ այս դեպքում բանը հասել է սուր գործիքներին և հավելյալ ծավալները պետք է քանդվեն. «Այսուհետ քաղաքապետարանն ավելի խիստ է մոտենալու և շինարարական ստանդարտներին և նախագծից ծավալային ավելացումներով շեղումներին: Բոլորին խնդրում եմ՝ չշեղվել ձեր իսկ կողմից տրված նախագծերից: Քաղաքապետարանը հետևողականորեն շարունակելու է ակտերի ավելացման գործընթացը»: