Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ապրիլի 25-ին և 26-ին պատրաստվում են հանդիպել Արզումանյան 10 և 17 հասցեների չորրորդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների հետ։ Նախատեսված է այդ շենքերը քանդել և նոր շենք կառուցել՝ բնակիչներին ապահովելով նոր բնակարաններով։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ բնակիչներին կհանձնվեն ծանուցումներ, նաև կներկայացվի նախատեսված աշխատանքների ճանապարհային քարտեզը։
Սուրեն Գրիգորյանը նաև մանրամասներ է ներկայացրել այդ ծրագրից։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց, որ սա պիլոտային նախագիծ է, որ նախատեսվել էր դեռևս 2022թ. սեպտեմբերին. «Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ մենք գտանք բնակիչների, կառուցապատողի ու Երևանի քաղաքապետարանի դերերը բաշխելու ճիշտ ձևը և այն բանաձևը, որով հնարավոր է ծրագիրն իրականացնել։ Բավական իրատեսական, գործնական փուլի ենք հասել։ Սա օրինակ է ծառայելու մնացած այլ տեղերում չորրորդ կարգի վթարային շենքերի վերակառուցման աշխատանքների համար։ Տարբեր տեղերում տարբեր խնդիրներ կունենանք, բայց վստահ եմ՝ լուծումներ կստանանք»։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ առաջիկայում կհստակեցվի, թե մյուս վթարային շենքերի խնդիրներն ինչպես ու կոնկրետ ինչ ձևով կլուծվեն։