Երևան

Տիգրան Ավինյանը մանրամասներ է հայտնել Արզումանյան փողոցի վթարային շենքերի վերակառուցման ծրագրից

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում մանրամասներ է հայտնել Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագրից։

Նա տեղեկացրել է, որ այդ շենքերի բնակիչներն օտարելու են իրենց բնակարանները. «Ստանալու են վարձավճարի գումար, բացի նրանից, որ վերջում բնակարան են ստանալու։ Իրենք ունենալու են ֆինանսական աջակցություն ժամանակավորապես վարձով բնակվելու համար, տրամաբանական պարամետրեր են ներդրված։ Ուզում եմ հիշեցնել, որ խոսքը գնում է 4-րդ կարգի վթարային տների մասին, որոնցում ամեն թեթև ցնցումից հետո նոր ճաքեր են առաջանում»։ 

Ըստ Ավինյանի՝ բնակարանների օտարումից հետո քաղաքը շենքերը հանձնելու է կառուցապատողին, որն էլ 30 ամսվա ընթացքում քանդելու է դրանք ու կառուցելու է նոր, ավելի բարձրահարկ շենքեր, իսկ կառուցելուց հետո համապատասխան հարկերի համապատասխան բնակարանները կառուցապատողը հանձնելու է Երևանին, որն էլ 6 ամսվա ընթացքում կհանձնի բնակիչներին։ Ավինյանը հայտնել է, որ որևէ խնդրի, հետաձգման պարագայում  կառուցապատողի համար նախատեսված են տույժեր. «Միջնորդ դերը ստանձնելով՝ Երևան քաղաքն ապահովելու է կառուցապատման վերջնական իրագործումը և բնակիչների ապահվումը բնակարաններով։ Երևան քաղաքն է այս ամենի երաշխավորը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ եթե այս ծրագիրը հաջողվի, այդ հաջողված օրինակի հիման վրա շղթայական կարելի է լուծել վթարային բոլոր շենքերի հարցը։