Երևան

Ճի՞շտ էր 2019-2021թթ. նախագիծը 3 փուլերով անելու գործընթացը, ո'չ

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը, անդրադառնալով «Հանրապետության հրապարակ» մետրոյի վերին շինության վերանորոգման մասին քննարկումներին, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երևանի քաղաքապետարանը 2019-2021թթ․ պատվիրել է նախագծանախահաշվային փաստաթղթեր «Հանրապետության հրապարակ» մետրոյի վերին շինության վերանորոգման համար: Այնուհետ տվյալ նախագծի նախահաշիվը բաժանել է ծավալների և ամեն տարի դրանք իրականացնելու շինարարական տենդեր հայտարարել: Կրկնում եմ՝ ամբողջական նախագծի նախահաշվի ծավալաթերթը կիսել է և ներկայացրել առանձին-առանձին տարիների՝ 2021-2022, 2022-2023թթ․ իրականացնելու համար: 

Այս երկու փուլերի աշխատանքներն արվելուց հետո Արամ Մանուկյանի շրջակա հատվածը որևէ ծավալաթերթի մեջ առկա չի եղել, ուստի պատվիրվել է այդ հատվածի նորոգումը: Ճի՞շտ էր մեկ նախագիծը երեք փուլերով անելու գործընթացը։ Ոչ։ Ավելին ասեմ՝ հուշարձանի հեղինակի և նախագծող ճարտարապետի ողջ լինելու պարագայում պետք էր ուղիղ վերանորոգման նախագծման աշխատանքների պայմանագիր կնքվեր հենց նրա հետ, այս դեպքում՝ Մկրտիչ Մինասյանի հետ, որը չի արվել: Բայց այս ամենը իրականացնելու տարիներին պրն Ավինյանը փոխվարչապետ էր, ես էլ ՏԿԵՆ-ում էի աշխատում: Սրանից ելնելով՝ հետահայաց նայել, թե որն էր ճիշտ 2019-20թթ․, որը՝ սխալ, քաղաքը չի կառավարվի։ Երևի նմանատիպ սխալների գեներացումն էր պատճառը, որը Երևանի ավագանին մեծամասնությամբ գործող քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ արեց, իսկ մենք այլևս ընթացիկ լուծումներ ենք տվել հարցը արագ լուծելու, աշխատանքները որակով ավարտելու համար: 

Գոնե վերջին շրջանի շինաշխատանքների ծավալների անհամապատասխանության մասին բոլոր հրապարակումները համարում եմ լկտի սուտ, որոնց այլևս չեմ արձագանքելու»: