Երևան

«Մեկ ամսից կներդրվի միասնական տոմսային համակարգը». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու այսօրվա նիստում անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումներին։

Նրա խոսքով՝ այդ գործընթացը միայն ավտոբուս գնելով չի ավարտվի. «Մենք դեռևս միասնական տոմսային համակարգի ներդրման հարցն ունենք։ Երեկ դա քննարկել ենք․ այս տարվա ընթացքում ամբողջ շարժակազմում պետք է ունենանք միասնական տոմսային համակարգ։

Մենք ունենք առանձնացված գծերի խնդիր, որ այս տարի ավտոբուսների համար որոշ փողոցներում կտեսնենք։ Լինելու են առանձնացված գծեր, որ նախատեսված են լինելու հենց հանրային տրանսպորտի համար։ Մենք ունենք միասնական կառավարման կենտրոնի ստեղծման խնդիրը, այս տարվանից պրոցեսներն ընթանալու են։

Մենք հետագայում ունենք 250 չինական «Հիգեր» ավտոբուսների փոխարինման խնդիրը նոր էլեկտրոավտոբուսներով։

Երևան քաղաքը որոշ հավելյալ շարժակազմեր պետք է ունենա, որովհետև նույնիսկ այս ծավալով 100 տոկոսով չի լուծելու խնդիրը։ Դրանից հետո կդիտարկենք՝ արդյո՞ք քաղաքապետարանը ձեռք կբերի հավելյալ ավտոբուսներ։

Ես չեմ խոսում չինական «Հիգեր» ավտոբուսների փոխարինման մասին, դա արդեն ծրագրի մաս է լինելու։ Բայց հավելյալ շարժակազմերի կարիք դեռևս լինելու է, կքննարկենք՝ արդյո՞ք մասնավորի դաշտ տեղափոխենք, թե՞ ոչ։

Միասնական տոմսային համակարգի փորձնական ներդրումն իրականացվելու է մոտավորապես մեկ ամսից։ Մեկ-երկու ամիս փորձնական կլինի, հետո արդեն, մինչև տարեվերջ, բոլոր շարժակազմերում տեղադրվելու են «վալիդատորները»։ Ունենալու ենք որոշակի մշակված աբոնենտային հնարավորություններ, տարբեր խմբերի համար զեղչային հնարավորություններ։ Հաջորդ տարվա վերջում կարող ենք պնդել, որ մեր տրանսպորտային համակարգի ռեֆորմը 90-95%-ով ավարտված կլինի»։