Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը կոչ է արել նոր գնված 12 մետրանոց ավտոբուսները երթուղի դեռ չհանել, քանի որ դա կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել։
Արձագանքելով այդ դիտարկմանը՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, թե քաղաքի տրանսպորտի վիճակն արդեն իսկ վատ է. «Եթե պիկ ժամերին տեսնեք կանգառները․․․ Դուք հանրային տրանսպորտից օգտվո՞ւմ եք։ Ես պարբերաբար օգտվում եմ, որպեսզի հասկանամ՝ երևանցիների փորձն ինչպիսին է։ Հավատացնում եմ՝ բավական դաժան է։ Ավտոբուսների այսօրվա քանակը չի բավարարում երևանցիների սպասարկմանը, և շատ դեպքերում մարդիկ ստիպված տաքսիներով են սկսում տեղաշարժվել։ Մենք ավելացնում ենք գծերի քանակը նոր շարժակազմով, ավելացնում ենք եղած գծերում ավտոբուսների քանակը, տեղ-տեղ պիկ ժամերին հավելյալ ավտոբուսներ ենք հատկացնում, որ խնդիրը կարողանանք մեղմել։ Այո, տրանսպորտային ցանցի խնդիրն ամբողջապես լուծված չէ, բայց այս շարժակազմը մտցնելով՝ էականորեն թեթևացնում ենք եղած տրանսպորտային ճգնաժամն, ու եղած խնդիրները մեղմվում են»։
Տիգրան Ավինյանը պնդել է, որ պետք էր ի սկզբանե խնդրի լուծումը սկսել համակարգերից, ոչ թե ավտոբուսներ գնելուց. «Այս հարցում, այո, դուք ճիշտ եք։ Բայց հիմա ունենք գործընթաց, որն առաջ է գնացել, և ես վստահ եմ՝ 1-1.5 տարվա ընթացքում բարձրացված խնդիրները լուծված են լինելու»։
Նա նաև նշել է, որ խնդիրը նրանում չէ, թե չկա տրանսպորտային ցանցի աշխատանքի կազմակերպման վերլուծություն. «Դեռևս 2018-19թթ. երբ ես փոխվարչապետ էի, ունենում էինք քննարկումներ քաղաքապետարանի գործընկերների հետ, և հարցին տարբեր մոտեցումներ ենք ունեցել։ Դեռ այն ժամանակ մենք պնդում էինք՝ ավտոբուսների փուլային գնման գործընթացը, եղած վերլուծությունների հիման վրա, բերելու է մի իրավիճակի, երբ բերելու ենք քիչ նոր ավտոբուս, և մեծաքանակ «Գազել»-ները, որ պետք է դուրս գային, չէին բավարարելու։ Մեթոդի հարց է։ Այն ժամանակ առաջարկվում էր ամբողջական փաթեթային լուծումը հասկանալ, գրել թղթի վրա ու սկսել, շարժակազմերը ոչ թե մեկ-մեկ առնել, այլ փաթեթով, այսինքն՝ «Գազել»-ները դուրս գային, ու նոր ավտոբուսները միաժամանակ մտնեին։ Սա է եղել խնդիրը»։
Ավինյանը շեշտել է, որ նոր ավտոբուսներն այս ռեֆորմի պարտադիր կոմպոնենտ են. «Այս ավտոբուսները պետք է մտնեն, որ եղած սուր խնդիրը սկսենք լուծել»։