Երևան

Որոշ դիլետանտներ իրենց PR-ն իրականացնում են քաղաքապետարանի ձեռքբերումները նսեմացնելու ճանապարհով. Սարգսյան

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյան Սարգսյանը հայտնել է, որ նվազագույն գնով ձեռք բերված 150 ավտոբուս գտնվում է Երևանում։

«Երկար մտորումների արդյունքում որոշեցի իմ էջում անդրադառնալ Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս 2021 թվականին ձեռք բերված չինական ավտոբուսների շուրջ ծավալված դիլետանտ մարդկանց, ոչ պրոֆեսիոնալ, օրենքը և իրավունքը խախտելու գնով որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող կեղծ, չհիմնավորված և իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող տեղեկատվությանը, որոնց ի պատասխան իրավական ճանապարհով ձեռնարկվել են միջոցներ:

Այնուամենայնիվ, որոշեցի իմ երևանցիներին, այդ թվում նաև՝ իմ հետևորդներին ներկայացնել այն աշխատանքը, որը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչը տեսանելի չէ շատերին:

Իհարկե, հասկանալի է, որ ավագանու ընտրություններին ընդառաջ որոշ դիլետանտներ իրենց «փիառ»-ն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի ձեռքբերումները նսեմացնելու ճանապարհով, բայց ես վստահ եմ՝ երևանցին իրավունք ունի գնահատել արված աշխատանքը, և՝ ոչ միայն տրանսպորտի ոլորտում:

Վերադառնալով բուն թեմային՝ փորձեմ նշել, թե ինչում են ինձ մեղադրում անձինք, որոնք գեթ մեկ լումա ներդրում չունեն որևէ ոլորտում՝ կառուցողական և արդյունավետ միջավայր ստեղծելու կամ զարգացնելու գործում: Ինձ մեղադրում են կայացած մրցույթ չեղարկելու, ավտոբուսները թանկ գնով ձեռք բերելու հարցում:

Իմ սիրելի երևանցիներ, իրականում որևէ կայացած մրցույթ՝ կապված ավտոբուսների ձեռքբերման հետ, իմ կողմից չի չեղարկվել: Նման գործընթաց չի եղել, ավտոբուսների վերաբերյալ գործարքները ոչ միայն օրինաչափ, այլև աննախադեպ արդյունավետ են, ինչն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ բոլոր կազմակերպված մրցույթներին մասնակցել են ոչ միայն վերավաճառող, այլև հենց արտադրող ընկերություններ, որոնցից մեկը, նվազագույն գին առաջարկելու հիմքով, ճանաչվել է հաղթող (կից տեղեկանքում կարող եք ծանոթանալ մանրամասներին. http://surl.li/gamaj ), և ամենակարևորը, գործարքը եղել է ՀՀ դրամով. ապրանքի գնի փոխանցման օրվա դրությամբ իրականացվել է դրամի փոխակերպում ԿԲ սահմանած կուրսով:

Արդյունքում, նվազագույն գնով ձեռք բերված 150 ավտոբուս գտնվում է Երևանում, իսկ երկկողմ հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրվել է դեռևս 13.03.23-ին:

Կից ներկայացված տեղեկանքում մատնանշված փաստերի (փաստերը հիմնավորող ապացույցները գտնվում են Երևանի քաղաքապետարանում) արժանահավատության և իրավաչափության հարցում կարող են համոզվել նաև իրավապահ մարմինները», - գրել է Հրաչյա Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում: