Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքի կանաչապատման ծրագրերին։
Նրա խոսքով՝ մարզահամերգային համալիրի, Սարալանջի մոտ անտառտնկման աշխատանքներ են իրականացվել, այս տարի Եռաբլուրում է նախատեսված հիմնել մեծ անտառ. «Եթե նույնիսկ դրանից հետո մենք քանդենք Օպերայի սրճարաններն ու կանաչապատենք տարածքը, ամբողջապես վերականգնենք օղակաձև այգին, և այսպես շարունակ, կոմունիկացիոն մեկ սխալի պատճառով այս տեսակի աշխատանքը կարող է ջուրը գնալ։ Եվ այստեղ, կարծում եմ, մենք ունենք որոշակի թերացում։ «Մենք» ասելով՝ առաջին հերթին ինձ նկատի ունեմ։ Սա կոմունիկացիայի հարց է։ Որ այս ծառատեսակները պետք է փոխարինվեն, անկասկած է։ Այս ծառատեսակների փոխարեն թե ինչ պետք է լիներ, թե ինչու է ընտրությունը կանգ առել այն ծառատեսակների վրա, որ առաջարկվել են․․․ Եվ 2500 ծառից ընդամենը 150-ն է սակուրա, բայց լրատվական հոսքից ինձ մոտ տպավորություն էր, որ գնել ենք 2500 սակուրա տեսակի ծառեր»։
Ավինյանը նաև նշեց, թե Կասկադը Երևանի սիրտն է։ Ըստ նրա՝ այնտեղ ծառերը պետք է փոխարինվեն, բայց թե ինչ ծառատեսակով, պետք է դրվի հանրային քննարկման. «Իրապես, մենք գալիք 50-100 տարվա համար նախանշում ենք, թե ինչ տեսք պետք է ունենա Կասկադը, և այդտեղ երևանցիների կարծիքը պետք է հաշվի առնել»։
Նա կարևորեց որակյալ անիմացիոն տեսանյութեր ունենալու հարցը, որպեսզի մարդկանց հասկանալի լինի, թե ինչ են առաջարկում։