Երևան

Գնված ծառատեսակների մեջ սակուրան կազմում է 4-5% (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացրել է մայրաքաղաքում ծառերի փոխարինման ծրագիրը։ Նա տեղեկացրել է, որ կազմակերպվել է գիտաժողով, որին մասնակցել են հայտնի մասնագետներ. «Բոլոր մասնակիցները միաձայն ընդունեցին որոշում, ավելին, հորդորեցին մեզ՝ օր առաջ սկսել կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառերի փոխարինման աշխատանքները»։

Ըստ նրա՝ մասնագետները դրական են արտահայտվել է նաև փոխարինման համար առաջարկված ծառատեսակների վերաբերյալ. «Մարտի 23-ին մեկնարկեց աշխատանքների առաջին փուլը։ Դա Մոսկովյան փողոցն էր։ Այն ընտրվեց, որովհետև նախապես ծրագրով այնտեղ նախատեսված էին սակուրա ծառատեսակներ, որոնք գտնվում էին նախածաղկման փուլում։ Քաղաքապետարանի գնած ծառատեսակների մեջ սակուրան կազմում է 4-5%, մնացած ծառատեսակները հիմնականում ավելի խոշոր սաղարթով ծառատեսակներ են՝ սոսի, կաղնի և այլն»։

Անդրադառնալով շահարկումներին, թե քաղաքապետարանը պատրաստվում է քաղաքը պատել սակուրաներով, Բեգոյանը նշեց, որ այդպես չէ. «Նախատեսված 2500 ծառի մեջ սակուրաները կազմում են 150 հատ»: