Երևան

40-50 տարի առաջ տնկված ծառերը տարիների և սխալ խնամքի պատճառով կորցրել են կենսաբանական նշանակությունը. կ.գ. դոկտոր Սադոյան

«Ես, որպես մասնագետ, կարծում եմ, որ Երևանի փողոցներում 40-50 տարի առաջ տնկված ծառերը (թեղիներ, սոսիներ, կաղնիներ) տարիների ընթացքում, ինչպես նաև սխալ խնամքի պատճառով կորցրել են իրենց կենսաբանական նշանակությունը»,- այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Սադոյանը, որը 2023թ. փետրվարի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գիտական աշխատաժողովի ժամանակ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հրապարակած արձանագրությունը ստորագրած մասնագետներից է։

Նրա խոսքով՝ ծառերը կենսաբանական էակներ են, որոնք տարիների ընթացքում ծերանում են․ «Երբ ծառերը ծերանում են, կորցնում են իրենց բուն կենսաբանական ֆունկցիաները, ինչը ենթադրում է ակտիվ ֆոտոսինթեզ, փոշու կլանում, բավականաչափ քանակով թթվածնի արտազատում։ Բնապահպանական և գեղագիտական տեսանկյունից՝ եթե շրջեք Երևանի փողոցներում, կտեսնեք, որ իսկապես անմխիթար վիճակ է տիրում, և ծառերը, սխալ էտի, ծերացման արդյունքում, ենթակա են փոխարինման, որովհետև այս պահին չեն կատարում իրենց գործառույթները»,- նշեց Ռուզաննա Սադոյանը։

Մասնագետի դիտարկմամբ՝ ծրագիրը չի կարող իրականացվել մեկ օրվա կամ ամսվա ընթացքում․ այն պետք է իրականացվի փուլային տարբերակով։

Կենսաբանական գիտությունների դոկտորը նաև նշեց, որ ՀՊՄՀ-ն ունի համագործակցության հուշագիր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ, և ակտիվ համագործակցություն կա։ Այն հանգամանքը, որ իրենց մասնագետները ներգրավված են այս քննարկումների կամ գիտական կոնֆերանսների մեջ, օրինաչափ և տրամաբանական է։

Հայկ Մագոյան