Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հրապարակել է 2023թ. փետրվարի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գիտական աշխատաժողովի արձանագրությունը։
Օրակարգի հարցը
Փաստաթղթից Radar Armenia-ն տեղեկացավ, որ օրակարգով քննարկվել է երկու կարևոր խնդիր՝ (1) Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով և (2) ինվազիվ ծառերի հեռացում։
Մասնակիցները արձանագրել են
- Երևան քաղաքի կանաչապատման վիճակը բավարար չէ քաղաքային կանաչ տարածքների առողջացման և հետագա զարգացման համար ներկայացվող ժամանակակից չափանիշներին։
- Երևանի կանաչ տնկարկները չեն կատարում էկոհամակարգային բավարար ծառայությունները։
- Դեֆորմացված և/կամ կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառատեսակները կորցրել են ֆունկցիոնալ նշանակությունը։
- Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները շատ դեպքերում ապահովում են քանակային ներկայություն՝ չիրականացնելով ֆունկցիոնալ նպատակներ։
Քննարկմանը մասնակցել են
- Տիգրան Ավինյանը (Երևանի փոխքաղաքապետ),
- Արմեն Բեգոյանը (ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրեն),
- Արթուր Խալաթյանը (ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ),
- Արծվի Գրիգորյանը (ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ, կ.գ.թ., դոցենտ),
- Հասմիկ Խուրշուդյանը (ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի փորձագետ, կ.գ.թ., դոցենտ),
- Արմենակ Տեր- Գրիգորյանը (ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի փորձագետ, գ.գ.թ., դոցենտ),
- Մամիկոն Սահակյանը (ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչության պետ),
- Գայանե Ներսիսյանը (կ.գ.թ), Գորիկ Ավետիսյանը (աշխ.գ.թ.),
- Գագիկ Սանթրոսյանը (գ.գ.թ., դոցենտ),
- Կարինե Սարգսյանը (կ.գ.թ., դոցենտ),
- Արեգ Կարապետյանը (կ.գ.թ),
- Ռուզաննա Սադոյանը (կ.գ.դ., պրոֆեսոր),
- Սիրինե Շողերյանը (կ.գ.թ., դոցենտ),
- Ժիրայր Վարդանյանը (կ.գ.դ., պրոֆեսոր),
- Գեորգի Ֆայվուշը (կ.գ.դ., պրոֆեսոր),
- Մանիկ Գրիգորյանը (կ.գ.թ),
- Նելլի Մուրադյանը (կ.գ.թ),
- Գևորգ Զարոյանը (Հայաստանի ծառատունկ ծրագիր, ATP),
- Աննա Թադևոսյանը (կ.գ.թ),
- Արիստակես Ղահրամանյանը (ՀՀ ԳԱԱ-ի հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ),
- Հովիկ Սայադյանը (աշխ.գ.դ., պրոֆեսոր),
- Մարինե Սարգսյանը (ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փոքր դրամաշնորհների ծրագրի օգնական),
- Մերուժան Գալստյանը (գ.գ.դ., պրոֆեսոր),
- Սևակ Բալոյանը (կ.գ.թ),
- Մարիետա Ավետիսյանը (ՀՀ ՇՄՆ ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ)։
Առարկություններ և ռազմավարություն
Գիտական աշխատաժողովի մասնակիցները, ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից ներկայացված Երևան համայնքում նախատեսվող տունկին ենթակա ծառաթփատեսակների ցանկը, արձանագրել են, որ առաջարկվող ծառաթփատեսակների և դրանց պարտիզային ձևերի ընտրության վերաբերյալ առարկություններ չկան: Այսպիսով՝ գիտական հանրության ներկայացուցիչների կողմից հաստատվել է Երևան քաղաքում դեֆորմացված և կենսունակության ավարտին մոտ գտնվող և/կամ ինվազիվ ծառերի՝ առավել գեղազարդ և արժեքավոր ծառատեսակներով փոխարինման անհրաժեշտությունը՝ ֆունկցիոնալ, կայուն տնկարկների համալրման և զարգացման ռազամավարության շրջանակներում: Ռազմավարությունը հիմք է հանդիսանալու Երևան քաղաքում կանաչապատման կայուն գործընթացի համար, որն էլ իր հերթին պետք է նպաստի առկա կանաչ տնկարկների գիտականորեն հիմնավորված խնամքի իրականացմանը և ֆունկցիոնալ նշանակությամբ նորերի ստեղծմանը:
Գիտական աշխատաժողովի արդյունքում որոշվել է
- աստիճանաբար իրականացնել ամբողջությամբ դեֆորմացված և կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառատեսակների փոխարինումը նույն կամ առավել հիմնավորված ցեղատեսակի ծառերով։
- իրականացնել ինվազիվ ծառատեսակների հերթականությամբ հեռացումը և/կամ դրանց փոխարինումը։
Արձանագրությունն ընդունվել է աշխատաժողովի մասնակիցների կողմից, որը նրանք հաստատել են իրենց ստորագրությամբ։