Երևան

Մասնագետները միաձայն պահանջել են փոխարինել կենսունակության ավարտին հասած ծառերը. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Կասկադ, որտեղ մեկնարկել է ծառերի փոխարինման գործընթացը։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Տիգրան Ավինյանին հայտնել է, որ այս գործընթացն իրականացվում է մասնագետների կարծիքների հիման վրա. «Չի կարող կոշկակարը ոսկերչությունից խոսել, կամ բժիշկը՝ կանաչ ֆոնդից։ Ով կանաչ ֆոնդից հասկանում է, կարող է իր լուրջ խոսքը ասել, հրավիրվել է Երևանի քաղաքապետարան՝ գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ, ակադեմիայի թղթակից անդամներ, այդ ոլորտի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միաձայն են քվեարկել։ Եթե մեկը դեմ քվեարկեր, կմտածեինք, թե մեկը ինչ-որ այլ բան է մտածել»։

Բեգոյանը նշել է, որ սա արվում է երևանցիների և երևանցիների երեխաների առողջության համար. «Քաղաքապետարանը գնացել է նրան, որ մենք 10 տարեկան ծառ տեղադրենք, որովհետև ժամանակ չունենք շիվ տեղադրենք, որ 10 տարի սպասենք, նոր ծառ դառնա»։

Տիգրան Ավինյանն էլ ասել է, թե դրա հետ մեկտեղ հնարավոր չէ ավելի մեծ տարքի ծառ տեղադրել, քանի որ կպչողականության հետ խնդիր կլիներ. «Սիրելի երևանցիներ, բոլոր այն շահարկումները, որ կապված են Երևանում ծառերի պահպանման հետ, պետք է պարզաբանենք։ Առաջին հերթին՝ քաղաքապետարանը կազմակերպել է գիտաժողով, որին մասնակցել են ոլորտի մասնագետներ, թեկնածուներ, ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, ովքեր միաձայն մեզանից պահանջել են քաղաքում իրենց կենսունակության ավարտին հասած ծառերը փոխարինենք»։

Ավինյանը վստահեցրել է, որ փոխարինվող ծառերն իրենց կյանքի վերջին տարիներն են ապրում. «Դրանք փոխարինվում են բարձրարժեք տասնամյա ծառերով, որոնք հատուկ հենց Երևանի բնակլիմայական պայմանների համար են ստեղծված»։

Ըստ նրա, մնացած բոլոր մեղադրանքները քաղաքական շահարկումներ են կամ միգուցե վատ իրազեկվածության հետևանք։