«Մեր քաղաքացիները տարիներ շարունակ տեսել են, որ ծառերը հեռացվում են, դրանից հետո կամ դրանց փոխարեն նորերը չեն դրվում, կամ էլ դրանց տեղում հայտնվում է ինչ որ կրպակ։ Այդ իսկ պատճառով ես քաղաքացիներին հասկանում եմ և նույնիսկ ողջունում եմ նման ուշադրությունը՝ ուղղված Երևանի կանաչ գոտիներին»։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ անդրադառնալով բոլոր այն հայտարարություններին, որ հնչում են քաղաքապետարանի կողմից իրականացվող ծառատնկման և ծառահեռացման աշխատանքների շուրջ։
«Մենք առաջին անգամ ունեցել ենք քաջություն և բավարար կամք հանրությանը բարձրաձայն ասելու, որ առանց այն էլ Երևանի կանաչ ֆոնդը կրճատվել է։ Եվ մեկ մարդուն բաժին ընկնող նորմերով ոչ մի կերպ մոտ չենք չափանիշներին։ Դա մի կողմից։ Իսկ մյուս կողմից՝ եղած կանաչ ֆոնդի գրեթե կեսը զրկված է ֆունկցիոնալությունից, կամ ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառատեսակներ են։ Այսինքն՝ չեն կատարում այն ֆունկցիան ինչի համար իրենք կան՝ օդ ֆիլտրելու, փոշի կլանելու։ Անգամ որոշ ծառատեսակներ կան, որ այնքան են ծերացել, որ ստվեր չեն ստեղծում», - ներկայացնում է իրավիճակը Բեգոյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիները չպետք է տրվեն քաղաքական և այլ նպատակներ ունեցող անձանց մանիպուլացիաներին և պետք է հասկանան, որ սա մեր և մեր երեխաների առողջության հարցն է. «Այսեղ որևէ քաղաքական բաղադրիչ չեմ տեսնում»։
Բեգոյանը վստահեցնում է, որ Երևանում կփոխարինվեն մոտ 2000 ծառ՝ ֆունկցիոնալությունից զուրկ, խիստ դեֆորմացված ծառերի փոխարեն, փողոցները կձևավորվեն միանման ծառերով և փողոցները կունեն իրենց դեմքը։
«Կցանկանամ նշել, որ քաղաքապետարանը գնացել է նրան, որ Երևանի պատմության մեջ առաջին անգամ ձեռք ենք բերել 10-ը և ավելի տարեկան ծառատեսակներ, որոնք անգամներով թանկ են այն շիվերից, որոնք մինչ այժմ տնկվել են։ Քաղաքապետարանն այդ քայլին է գնացել, որովհետև մեր օդի կանաչ ֆոնդի վիճակը թելադրում է տեղադրել այնպիսի ծառեր, որոնք տեղադրման պահից կատարեն իրենց ֆունկցիան»,- բացատրում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը՝ ահազանգելով. «մենք այլևս չունենք այդ ժամանակը, որ շիվեր տնկենք և սպասենք 10-ը տարի, որպեսզի այդ ծառը դառնա ծառ և իր ֆունկցիան կատարի։ Հորդորում եմ մեր քաղաքացիներին՝ վստահել մեզ։ Ընդամենը մեկ օր է բաժանում և վաղն ամբողջ քաղաքին ցույց կտանք, թե ինչպես մեկ օրվա մեջ այստեղ կտեղադրվեն նոր, ֆունկցիոնալ և գեղագիտական տեսք ունեցող ծառատեսակներ։ Հավելեմ, որ տնկվելու են ոչ միայն մեր հեռացված ծառերը, այլ նաև բնաբաժակներում, որտեղ տարիներ շարունակ դատարկ են եղել»։
Արմեն Բեգոյանի խոսքով՝ նախատեսում են ծառատնկման աշխատանքներն իրականացնել Երևանի բոլոր վարչական շրջաններում և քանի որ ծառերը ձեռք են բերվել փակ արմատային համակարգով` դա թույլ կտա տարվա գրեթե բոլոր եղանակներին տեղադրել ծառերը։
Հայկ Մագոյան