Հաշմանդումություն ունեցող քաղաքացիները պետք է ունենան հասարակությանն ինտեգրվելու բոլոր հնարավորությունները. համակարգային ի՞նչ փոփոխություններ ու լուծումներ են հարկավոր, որպեսզի Երևանը դառնա հարմար քաղաք նրանց համար: Ոլորտում առկա խնդիրներին ու թերացումներին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթանում է շահագրգիռ Հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման շրջանակում:
Այս կապակցությամբ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը բարեկեցիկ և խնամված քաղաք դարձնելու կարևորագույն նախադրյալ է նաև քաղաքի հանրային ենթակառուցվածքների մատչելիությունը բոլոր քաղաքացիների համար:
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատող հասարակական կաղմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկեցինք մեր քաղաքում առկա հասանելիության բազմաթիվ խնդիրները: Բարձրացված հարցերը շատ են՝
Տրանսպորտի, կանգառների, ավտոկայանատեղիների մատչելիություն, որը հաճախ խախտվում է չթույլատրված վայրերում կայանված մեքենաների պատճառով:
Դպրոցներում, մշակութային կենտրոններում և բնակելի շենքերում թեքահարթակների և վերելակների սակավություն: Այստեղ խնդիրը գալիս է նաև խորհրդային շրջանում կառուցված շինություններից, որոնց դեպքում հաճախ անհնար է դառնում մատչելիության լուծումներ կիրառելը:
Քաղաքում համապատասխան կահավորմամբ տաքսի ծառայությունների բացակայություն:
Շարքը երկար է և պահանջում է համայնքի և քաղհասարակության համատեղ աշխատանք:
Մեր կողմից առաջնահերթ գործողություններից են լինելու՝
հանրային շինարարական նախագծերից մատչելիության պահանջի կիրառումը,
ինչպես նաև գործող առևտրի և սննդի օբյեկտներին մատչելիության ապահովման աշխատանքերի պահանջը:
Այս քննարկումը կարող եմ համարել մատչելի քաղաք ունենալուն ուղղված իրական աշխատանքների մեկնարկ, որի անհրաժեշտությունը բխում է քաղաքի կյանքում մեր բոլոր քաղաքացիներին ներգրավվելու իրավունքից»: