Երևան

Ներկրված 150 ավտոբուսները մաքսազերծումից հետո դուրս կգան երթուղի

Երևանի տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար ձեռք է բերվել ևս 150 նոր ավտոբուս․ «Ներկրված Zhongtong ավտոբուսները թույլ կտան քաղաքային տրանսպորտի 9 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը», -  հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը։

Նրա խոսքով՝ ծրագրի ընթացքում նախատեսվում է 6.6 մլրդ դրամի ավտոբուս և պահեստամաս, 492 նոր աշխատատեղ՝ 317 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախագծով առաջարկվում է բավարարել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը մաքսատուրքից ազատելու հայտը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ և MAN, և Zhongtong ավտոբուսները ներկրված են. «Հաջորդ շաբաթ մենք այս որոշման շրջանակներում ընդլայնում ենք առաջարկելու՝ 87 MAN ավտոբուսների մաքսազերծման վերաբերյալ»։

Ավինյանը տեղեկացրեց, որ այդ ավտոբուսները մաքսազերծումից հետո երթուղի դուրս կգան. «Մոտավորապես 20 օրից մեկ ամսվա ընթացքում դուրս կգան, որովհետև մենք դեռ ունենք այս որոշումն ընդլայնելու կարիք։ Ընդլայնելուց հետո մաքսազերծումը կտարածվի MAN ավտոբուսների վրա»։