Երևան

Իրենց ժամանակի հերոսներն են եղել. 3 փողոց կանվանակոչվի հայտնի կանանց անունով

Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի երեք փողոց անվանակոչվել է հայտնի հայ կանանց անունով։ Երևանի Արաբկիրի 27-րդ փողոցն անվանակոչվում է հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանի անվամբ, Արաբկիրի 41-րդ փողոցը՝ բանաստեղծուհի, հասարակական գործիչ Արմենուհի Տիգրանյանի անվամբ, իսկ Արաբկիրի 53-րդ փողոցը՝ հայ արձակագիր, բանաստեղծուհի Էլեն Բյուզանդի անվամբ։

Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը, շնորհավորելով կանանց մարտի 8-ի առթիվ, ասաց, թե այդ տոնը խորհրդանշում է իրավահավասարություն և առհասարակ կնոջ դերի բարձրացում, և իր առաջարկն այդ կոնտեքստում է. «Այս կանայք իրենց ժամանակի հերոսներն են եղել, բայց խտրական ընկալումն իր ազդեցությունն է ունեցել պատմության վրա և շարունակում է ազդեցություն ունենալ մեր օրերում ևս»։