Երևանի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը։
Երևանի ավագանու նիստում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ այս հարցով քննարկումներ են եղել Ազնավուրի հիմնադրամի ներկայացուցիչների հետ. «Նախնական քննարկումների տեղադիրքը եղել է հենց Շառլ Ազնավուրի հրապարակը, սակայն, հաշվի առնելով, որ կարիք կա Օգյուստ Ռոդենի Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը տեղափոխել Ֆրանսիայի հրապարակի ավելի տեսանելի, դիտարկելի հատված, այս երկու առաջարկները միաձուլվել են մեկ որոշման մեջ, և առաջարկվում է Ազնավուրի հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ Ռոդենի Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը տեղափոխել նույն հրապարակի՝ մայթին մոտ հատված»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ Ռոդենի արձանի ներկա դիրքը թույլ չի տալիս մարդկանց պատշաճ ուսումնասիրել այն, ինչը նախատեսված էր քանդակի նվիրատվության պայմանագրով։
«Ռոդենը ժամանակակից քանդակագործության մեջ հայտնի է նրանով, որ վերացրել է հանդիսատեսի և քանդակի միջև նախկինում ստեղծված անջրպետը։ Մասնավորապես, քանդակի պատվանդանը հնարավորինս փոքրացնելով՝ Ռոդենը նպատակ ուներ ստեղծագործությունն ավելի մոտեցնել հանդիսատեսին։ Մինչդեռ Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը ոչ այնքան պատվանդանի բարձրությամբ է հանրությունից հեռու, որքան ուղղակի անհասանելիությամբ, և, ըստ այդ քանդակի չափերի, ավելի նպատակահարմար է այն տեղափոխել նույն հրապարակի մեկ այլ հատված»,- ասաց Ավինյանը։
Նա հավելեց, որ այս նախաձեռնությունը նվիրված է Ազնավուրի 100-ամյակին. «Նմանօրինակ արձան տեղադրվելու է նաև Փարիզում»,- հայտնեց Տիգրան Ավինյանը։