«Երևանի քաղաքապետի ընտրություններում մեր հաղթանակի պահից սկսած մենք իրագործում ենք մեր նախընտրական ծրագրերը, խոստումները, որ տվել ենք Երևանի բնակիչներին։ Եվ կարծում եմ՝ բավական հաջող ենք կատարում դրանք». հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Երևանում շրջանառությունից դուրս է բերվել 1000 «հուսահատության գազել». «Դա գազելների ընդհանուր թվի 70%-ն է։ Մյուսներն առաջիկայում նույնպես կհանվեն շրջանառությունից։ Գիտեք, որ արդեն իսկ նոր ավտոբուսների խմբաքանակը Երևանում է։ Առաջիկայում նաև երթուղիներ դուրս կգան»։
Փաշինյանը շեշտել է, որ 1000-ից ավելի «մահվան վերելակներ» են փոխարինվել նորերով։
Խոսելով Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների մասին՝ վարչապետը նշել է. «Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են, և ավագանին է, մեր քաղաքական թիմն է պարտավորություն ստանձնել։ Եթե համարում եք, որ, օրինակ, նոր ավտոբուսների ձեռքբերումը կոռուպցիա է, վերելակները փոխելը կոռուպցիա է, նոր աղբատար համակարգի ստեղծումը կոռուպցիա է, փողոցների լուսավորությունը, ասֆալտապատումը կոռուպցիա է, ուրիշ խնդիր է»։
Անդրադառնալով ավագանու ընտրությունները ժամկետից շուտ անցկացնելու լուրերին՝ վարչապետն ասել է, որ ընտրությունների մասին ոչ մի նոր տեղեկություն, բացի այն, որ օրենսդրությամբ է սահմանված, չի կարող ասել. «Նման որոշումներ մենք առնվազն այս պահի դրությամբ չունենք»։