Երևան

Հայտնի է, թե որտեղ կկառուցվի մետրոյի Աջափնյակ կայարանը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման աշխատանքներից։ Նրա խոսքով՝ նախնական հաշվարկներով շինարարությունը տևելու է 48 ամիս, այսինքն՝ 4 տարի։

Տիգրան Ավինյանը նշեց. «Ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ 1.5 կմ, և կայարանի շինարարությունը նաև ենթադրում է մետրոկամուրջ, որը երկու տարբերակով ենք դիտարկում՝ երկաթբետոնե հենասյուներով ու հեծաններով, և նոր մոդելով՝ մետաղական ֆորմայով հավաքված կամուրջ։ Այս պահի դրությամբ դեռ վերջնական որոշում չունենք․ սպասում ենք ֆինանսական գնահատականներին։ Բայց որ դիտարժան և գեղեցիկ կամուրջ է լինելու, դրանում վստահ ենք։ Մի քանի փոփոխություն ենք արել 80-ականների նախագծի համեմատ։ Նախկինում կայարանը նախատեսված էր Աբելյան փողոցի անկյունում, որտեղ շինարարական աշխատանքներ են արվել, շենք է կառուցվել։ Մենք 120-140 մետր տեղափոխելով կայարանը դեպի Հալաբյան-Աբելյան խաչմերուկ՝ կարողանում ենք մի քանի կարևոր խնդիր լուծել։ Առաջին հերթին շինարարությունը մոտ 15% չափով ավելի ցածր արժեք է ունենալու, շինարարության ժամկետները մոտ 6 ամիս կրճատվելու են։ Թումոյի մայթին՝ Հալաբյան-Աբելյան անկյունում է լինելու։ Ընդհանուր առմամբ ավելի արագ ու էֆեկտիվ է լինելու։ Վերևից ենք փորելու, ոչ թե տակից փորելով, ինչը մեզ շատ առավելություններ է տալիս»։

Ըստ փոխքաղաքապետի՝ մինչև տարեվերջ կլինի մետրոյի կայարանի վերջնական նախագիծը. «Կարծում եմ՝ արդեն իսկ ժամանակն է՝ քննարկելու հետագա ֆինանսավորման հարցերը։ Ընդամենը 4 տարվա շինարարության հարց է»։

Ավինյանը նաև նշել է, որ մետրոյում էական փոփոխություններ են տեղի ունենում՝ կատարվելու են մեծ չափի ներդրումներ։