«Հրազդանի կիրճը պատրաստվում ենք ռեկրեացիոն գոտի սահմանել». հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ դա ենթադրելու է որոշակի սահմանափակումներ. «Մենք այս տարի այնտեղ պլանավորել ենք մաքրման աշխատանքներ։ Կիրճն ուզում ենք նորմալ, բնականոն, բնությանը հարիր տեսքի բերել։ Իսկ մանկական երկաթուղու ներդրումային ծրագիրն առաջարկվել է գործող վարձակալի կողմից։ Երկար քննարկումներից հետո այնտեղ մեծ ծրագիր էր նախատեսվում, մի քանի տարի քննարկել ենք ծրագիրը, փորձել հարմարեցնել բնության միջավայրը չկորցնելու տրամաբանությանը։ Ավելացրել ենք ներդրումային ծրագրում ճոպանուղու նախագիծ, և շուտով, կարծում եմ, կառավարությունը կհաստատի»։
Անդրադառնալով Հրազդանի կիրճում կիրառվելիք սահմանափակումներին՝ Ավինյանը շեշտել է. «Հրազդանի կիրճը Երևանի կարևորագույն կոմպոնենտներից, էլեմենտներից մեկն է, բնության շատ հազվագյուտ կետերից, որ փորձում ենք պահպանել»։