Երևան

Անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնություն

Երևանի քաղաքապետարանի կողմից փետրվարի 20-23 ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնություն՝ նվիրված ըմբշամարտիկ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանի հիշատակին:

Արդեն 2-րդ անգամ անցկացվող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցել է 7 երկրի 130 մարզիկ: Մարզական ստուգատեսին երևանցի մարզիկները նվաճել են 9 մեդալ, ընդ որում, 57 կգ քաշային Առաքել Մովսեսյանը և 61 կգ քաշային Էդիկ Հարությունյանը զբաղեցրել են առաջին հորիզոնականներ: Տարբեր հարգի մեդալներ են նվաճել նաև Անդրանիկ Ավետիսյանը, Դավիթ Մարգարյանը, Անուշավան Բարսեղյանը, Մենուա Յարիբեկյանը, Ռազմիկ Սիմոնյանը, Կնյազ Իբոյանը, Սերգեյ Սարգսյանը։

57 կգ քաշային կարգում հաղթող Առաքել Մովսեսյանը պարգևատրվել է նաև հատուկ մրցանակով, քանի որ այդ քաշային կարգում ժամանակին հանդես է եկել երջանկահիշատակ Լյովա Վարդանյանը: Հաղթող մարզիկներին պարգևատրել են Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը, մարզաշխարհի անվանի մարզիկներ և մարզիչներ։