Երևան քաղաքի պատմության թանգարանում 2022թ. իրականացված ծրագրերի թվում շատ կարևոր էր թանգարանի կերպարվեստի առարկաների հարկադարակների փոխարինումը թանգարանագիտության արդի պահանջներին համապատասխան՝ կտավների պահպանմանն անհրաժեշտ ցանցադարակներով: Դրանք երկկողմանի են, ունեն ճկուն տեղաշարժի հնարավորություն, ինչը կատարվում է և´ մեխանիկական ձևով, և´ հեռակառավարման վահանակով:
Ցանցադարակների տեղադրումից հետո դրանց վրա արդեն փակցվել է թանգարանի գեղանկարների հարուստ և արժեքավոր հավաքածուն, որոնցում պատկերված է մայրաքաղաք Երևանը՝ սկսած 20-րդ դարի սկզբներից: Պահպանության այսպիսի միջոցների կիրառումը նորարարություն է, ինչի շնորհիվ բոլոր կտավները տեսանալի են, ֆոնդից օգտվելը դարձել է դյուրին, իսկ նկարները չեն վնասվում:
Նշենք նաև, որ ծրագրի իրագործման ընթացքում շարունակվել է գեղանկարների վերականգնումը, ինչպես նաև փոխվում են հնամաշ ու վնասված շրջանակները և պատրաստվում ցուցադրության: Ծրագիրը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: