Երևան

Մետրոյի երկու շարժակազմ կավելացվի ևս մեկ վագոնով

Մետրոյի երկու շարժակազմ կավելացվի ևս մեկ վագոնով

Երևանի Մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումների, ինչպես նաև հետագա գործունեության բարելավման նպատակով հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են առաջին անհրաժեշտության աշխատանքները։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ 

Նշվում է, որ ընթացքի մեջ է 14 օդափոխության համակարգերի արդիականացման գործընթացը, ներկայացվել են առաջարկներ օդափոխման համակարգի կրպակների տեղակայման և դրանցից յուրաքանչյուրի մոտեցման և սպասարկման առանձնահատկությունների վերաբերյալ։ 

Ներկայացվել են նաև փոխարինման և հիմնանորոգման ենթակա շարժասանդուղքների ցանկը՝ գնային արժեքներով։ Առաջարկվում է բանակցել Չեխիայի մայրաքաղաք Պրահայի մետրոպոլիտենի համար շարժասանդուղքներ արտադրող ընկերության հետ շարժասանդուղքների նորոգման, ինչպես նաև ղեկավարման վահանակի ձեռքբերման ուղղությամբ։

Բացի այդ, քննարկվել է մետրոյի դեպոյի կապիտալ հիմնանորոգման հարցը, ներկայացվել են հորանների վերաբերյալ խնդիրները, զուգահեռ բանակցություններ կընթանան Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի հետ՝ ներգրավելով մասնագետներին, ովքեր կիրականացնեն չափագրումներ՝ վերոնշյալ խնդիրները լուծելու նպատակով, երկու շարժակազմ կավելացվի ևս մեկ վագոնով. երեքի փոխարեն կունենան 4 վագոն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական