Երևան

Նախապայմաններից մեկը լինելու է հատուկ կահավորված վերելակային համակարգի տեղադրումը

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Սարդարյանն անդրադարձել է Փակ շուկայի գետնանցումում թեքահարթակների բացակայությանը։

«Քանի որ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ են ինձ դիմում՝ խնդրելով մեկնաբանել Փակ շուկայի դիմացի հիմնանորոգված գետնանցումում թեքահարթակների բացակայությունը, կփորձեմ այստեղ տալ բոլորին հուզող հարցի պատասխանը։

Նախ՝ խնդիր կա ձևի և բովանդակության հետ կապված։ Ձևի համար կարելի էր կառուցել թեքահարթակ, որը, սակայն, հաշվի առնելով աստիճանների թեքությունը, բովանդակային առումով ոչ ֆունկցիոնալ կլիներ։ Հավատացնում եմ՝ հաշմանդամություն ունեցող որևէ անձ այդ թեքությունը հաղթահարել ուղղակի չի կարող։ Սրան գումարած՝ գետնանցումից մոտ երեսուն մետր հեռավորության վրա կա հետիոտների համար նախատեսված անցուղի։

Անկախ դրանից, սակայն, Երևանի քաղաքապետարանը որոշել է աճուրդի միջոցով գետնանցումի տարածքը տալ վարձակալության և դրա հիմնական նախապայմաններից մեկը լինելու է սահմանափակ հնարավորություններ ունեցող քաղաքացիների համար նախատեսված հատուկ կահավորված վերելակային համակարգի տեղադրումը»։