Երևան

Մի քիչ զգույշ պետք է լինել վարչական շրջանների աշխատակազմի աշխատանքի գնահատման հարցերում

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի կառուցվածքն ու հաստիքացուցակը հաստատելու որոշման նախագծին. «Այս նախագծով փորձել ենք իրականացնել գործառույթների որոշակի աուդիտ, որ ունի ամեն վարչական շրջան՝ ըստ բնակչության, կրթական հաստատությունների, առողջապահական հաստատությունների քանակի, և, համապատասխանաբար, հաստիքային լուծումներ ենք ստացել, որոնք էլ բերել են այս նախագծին»։

Ավինյանը նաև նշել է, թե կան որոշակի ֆունկցիաներ, որոնք կարելի է վերանայել. «Այսօր վարչական շրջանները տիրապետում են տարեկան մինչև 4 մլրդ դրամ բյուջեի, և չի կարելի ասել, թե վարչական շրջանները գործառույթներ չունեն։ Հայաստանում կան խոշորացված համայնքներ, որոնք այդ բյուջեին մոտ բյուջե չունեն նույնիսկ։ Եվ այստեղ, կարծում եմ, մի քիչ զգույշ պետք է լինել»։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ վարչական շրջանների աշխատակազմերին կարելի է հավելյալ գործառույթներով ծանրաբեռնել. «Բայց ասել, որ նրանք որևէ բան չեն անում, իրականությանը չի համապատասխանում»։