Երևան

«Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, թե ինչ վիճակում են Վարդան Մամիկոնյանի կամ Գայի արձանները». Կամո Արեյան

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը գործակարգավարական նիստում անդրադարձել է մայրաքաղաքի հուշարձաններին. «Երևանում կանգնեցված հուշարձանների մեծ մասը ներառված չեն հուշարձանների պետական ցուցակում։ Սա իմ անձնական գույքագրումն է եղել, իսկ հուշարձանին, կերտվածքին, ստեղծագործությանը տրվում է հուշարձանի կարգավիճակ, երբ այն ներառվում է հուշարձանների պետական ցուցակ՝ տալով հանրապետական կամ տեղական նշանակության կարգավիճակ։ Վստահեցնում եմ՝ բազմաթիվ հոբելյանների առթիվ պետական աջակցությամբ, մասնավոր հովանավորությամբ մոնումենտալ արձաններ և կիսանդրիներ, որ տեղակայված են Երևանում, չեն ստացել այս կարգավիճակը և չեն հանձնվել որևէ մեկի պահպանությանն ու խնամքին։ Դա կամովին անում է Երևանի քաղաքապետարանը՝ իր ուժերով։ Մնացած հուշարձանները հանձնված չեն ոչ ՀՀ-ին՝ որպես սեփականություն, ոչ էլ ներառված են տեղական հուշարձանների ցանկում։ Սա տարիների կուտակված խնդիր է»,- ասաց Արեյանը՝ քաղաքապետին խնդրելով, որ արվի գույքագրում, և ցանկը ներկայացվի ԿԳՄՍ նախարարություն՝ կարգավիճակ ստանալու համար։ 

Արեյանը նաև նշեց, որ ավելի քան 30 տարի է՝ ՀՀ-ում չի իրականացվում նաև հուշարձանների տեխնիկական զննում, մինչդեռ կան ձիարձաններ, մոնումենտալ արձաններ, որոնք կարիք ունեն տեխնիկական զննության։ 

«Այն, ինչ վիզուալ նկատվում է՝ խարխլվածություն, քայքայվածություն, թեքվածություն, նկատի ունեմ Ցեղասպանության հուշահամալիրի ամրացումը, Մյասնիկյանի արձանի ամրացումը։ Հիմա վտանգի առաջ է 50-ամյակի հուշասյունը՝ Ջիմ Թորոսյանի հեղինակած, և այսպես շարունակ։ Պետք է կազմել նամակ, հորդորել ԿԳՄՍ նախարարությանը, որ վերականգնեն հուշարձանների տեխնիկական զննման կարգը։ Սա նախարարության իրավասության հարց է»,- ասաց Արեյանը՝ հավելելով, որ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, թե ինչ վիճակում են Վարդան Մամիկոնյանի արձանը, Գայի արձանը։

Նա հիշեցրեց, որ 2009թ. Սասունցի Դավթի արձանի տեղադրման 50-ամյակի ժամանակ նկատվել էր, որ արձանը մոտ 500 լիտր ջրով էր լցված, ու ոչ ոք դրա մասին չգիտեր։ Բարեբախտաբար, խնդիրը հայտնաբերվել ու լուծվել է. «Հիմա չեմ կասկածում, որ որևէ արձան ունի տեխնիկական զննման վերջին ակտը»,- ասաց նա՝ նախազգուշացնելով, որ հարկավոր է ուշադրություն դարձնել այդ խնդրի վրա։