Արցախ

«Ռուբեն Վարդանյանը Արցախում բարեկամներ չունի». Արցախի ԱԺ նախագահ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը

-Պարոն Թովմասյան, ի՞նչ է կատարվում Արցախում։ Նախ լուրեր շրջանառվեցին, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարական է տալիս, ապա Վարդանյանը հայտարարեց, որ չի տալիս։

-Այսօր նորմալ աշխատանքային օր է։ Ես միշտ էլ ասել եմ, որ Երևանից Ստեփանակերտը չի երևում։

-Արցախում ներքաղաքական ճգնաժա՞մ է հասունացել։

- Ես ունեմ իմ ճշտի ճանապարհը, և ես իմ ամբողջ գիտակցական կյանքում սառույցներ եմ հալեցրել, ոչ թե մարդկային հարաբերությունների մեջ սառույց առաջացրել։ Եվ այդ ճշտի ճանապարհը Արցախն է և Արցախի ժողովուրդը; Իմ շատ անմեղ հարցազրույցից հետո մարդիկ խառնվել են իրար, բայց խառնվելու բան չկա, ընդ որում՝ իմ կարծիքով՝ մոտ ապագայում անհնարին է Արցախում նոր ընտրություններ անցկացնել, իսկ եթե լինի՝ ում է ցավ տալիս, որ Արթուր Թովմասյանը մասնակցելու է այդ համապետական ընտրություններին։ Մի առիթով մեր լավագույն բժիշկներից մեկն ասել է, որ մեր բնակչության 30 տոկոսը հոգեկան հիվանդ են, իսկ 70 տոկոսը չի հետազոտված, ես 70-ի տոկոսի մեջ եմ։ Ես արդեն զզվել եմ, որովհետև եթե ուզում եք իմանալ՝ մի առիթով ես ասել եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք ապրում են Արցախում, ինձ համար հայրենապաշտ մարդիկ են, և երբ Ռուբեն Վարդանյանին նախագահը պետնախարար նշանակեց, ասացի, որ հայրենապաշտ մարդկանց թիվը մեկով ավելացավ։ Եվ Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան հայտարարեց, որ այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու իրավունք չունենք։ Եվ սա ճշմարտություն է։

-Ռուբեն Վարդանյան-Արայիկ Հարությունյան կոնֆլիկտ, պառակտում կա՞։

-Նախևառաջ այս հարցերը ճիշտ կլիներ ուղղեիք նախագահին և պետնախարարին, բայց ես ասում եմ հետևյալը՝ ես ավելի շատ սառույց հալեցնող մարդ եմ, քան սառույց գոյացնող։ Եթե նույնիսկ այդ սառույցը կա, ապա դրա հեղինակը ես չեմ։ Եվ եթե իմ հարցազրույցն է բերել դրան, ապա ասում եմ՝ ցա՞վ եք ապրում, որ ԱԺ նախագահը կարող է առաջադրվել։ Բայց ես մոտ ապագայում չեմ տեսնում ընտրություններ։ Եվ այսօր գերխնդիրը ոչ թե Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումն է, այլ օրենսդիրի և գործադիրի համատեղ աշխատանքն է, որ մեր ժողովրդին այս ծանր վիճակից հանելու։ Եվ այս ճանապարհին վերմակը ձգել օրենսդիրից գործադիր, անթույլատրելի է, և թշնամին հենց սա է ցանկանում։

-Դուք Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմից եք։ Հիմա կա՞ արդյոք որոշակի լարվածություն ձեր հարաբերություննե՞րում։

–Ես անկախ ԱԺ նախագահ եմ։ Արցախի նախագահը և պետնախարարը չեն խառնվում ԱԺ աշխատանքներին, և կադրային քաղաքականության հարցերին էլ ես չեմ խառնվում։ Սա է ճշմարտությունը։

- Այս ինտրիգն ու լարվածությունն ինչի՞ց առաջացավ:

- Ես կարող եմ մի բան ասել, հնարավոր է, որ 5 խմբակցությունների ղեկավարներն ավելի շատ տեղյակ լինեն այդ գործընթացից, քան ես, որովհետև երբ ես զգացի, որ ինչ-որ բան է կատարվում, ես իմ խոսքն եմ ասել:

-Այսօր Ռուբեն Վարդանյանի հրաժարականի պահանջ չկա՞ քաղաքական ուժերի կողմից: Կարծում եք նա Արցախում անելիք ունի՞:

- Ռուբեն Վարդանյանը շարունակում է իր աշխատանքն այնպես, ինչպես նոյեմբերի 4-ի նշանակումից հետո:

-Դուք նրա աշխատանքը ինչպե՞ս եք գնահատում:

- Այդ շրջափակման ժամանակ ի՞նչ աշխատանք է կատարվում Արցախում, որ գնահատական տամ: Ես մի բան գիտեմ, որ Ռուբեն Վարդանյանն այստեղ բարեկամներ չունի: Օպերատիվ շտաբը հիմնականում ինչո՞վ է զբաղված, զբաղված է սննդի, դեղորայքի, վառելիքի, այսինքն սոցիալական հարցերով: Իմ տպավորությունն այնպիսին է, որ ինքն ուզում է այդ բոլորն ազնիվ բաշխել: Ռուբեն Վարդանյանն իմ ընկերը չի, նա մեծահարուստներից մեկն է, որը եկել է մեզ օգնելու: Մեզ ասելով նկատի ունեմ ոչ թե Արցախի իշխանությանը, այլ ժողովրդին: Հիմա ես չգիտեմ՝ եկել է մեզ օգնելու, թե մենակ այդ գործը կատարելու, դա իրենից հարցրեք:

-Փաստորեն Արցախում հիմա անառողջ մթնոլո՞րտ է:

-Որտե՞ղ է անառողջ: Դուք իմ խոսակցությունից եկաք եզրակացության, որ անառո՞ղջ է:

-Արցախում քաղաքական թևերի բաժանում կա՞, օրինակ, Հարությունյանի և Վարդանյանի շուրջ: Մամուլը գրում է, որ այս ամենն արվում է Արայիկ Հարությունյանի դեմ, նրա նկատմամբ ճնշումներ կան:

- Այսինքն Ռուբեն Վարդանյանը ճնշում է Արայիկ Հարությունյանի՞ն, ո՞նց է ճնշում: Եթե Ռուբեն Վարդանյանն իր լիազորությունների շրջանակում աշխատանք է իրականացնում Արցախում, դա նշանակում է, որ ճնշո՞ւմ է: Եթե դա ճնշում է, ապա երկրի նախագահը, որ այդքան լիազորությունները, որ տվել է, չի իմացե՞լ: Ես ավելի քիչ բան գիտեմ, քան մյուսները, ես իրականում չեմ խառնվել երկուսի հարաբերություններին: Մինչև վերջին պահը իմանում էի, որ և մարդկային հարաբերությունների առումով, և ընդհանրապես աշխատանքի առումով իրենք իրար վստահում են և ես դրանով ուրախանում էի: Հիմա, որ իրենց հարաբերությունները նորմալ են, ո՞նց կարող է ԱԺ նախագահը չուրախանա դրանից: Եթե Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի, կամ Արթուր Թովմասյանի և Արայիկ Հարությունյանի, կամ Արթուր Թովմասյանի և Ռուբեն Վարդանյանի հարաբերությունները վատ լինեն, Արցախը դրանից կշահի՞: Իրենք ինձնից փոքր են և ես կարծում եմ, որ միայն Արցախի գործադիր և օրենսդիր մարմինների միջև սերտ շփումներ հաստատելով մենք կարող ենք հաջողություններ արձանագրել: Համենայնդեպս, ես Արցախի նախագահի և պետնախարարի կողմից իմ հանդեպ անվստահություն չեմ տեսնում: Չի կարող իմ բնավորությամբ մարդը, այսքան ճանապարհ անցած մարդը իր կողմից այդ հարաբերությունները վատացնի: Եթե ես զգամ, որ Արցախի նախագահի և պետնախարարի կողմից իմ անձի հանդեպ կա անվստահություն, ես լուռ կհեռանամ: Ես դա արել եմ դեռևս 1997 թվականին:

Սիրանուշ Պապյան