Երևան

Երևանի ավագանին հաստատել է 2023թ․ տարեկան բյուջեն

Երևանի ավագանին հաստատել է 2023թ․ տարեկան բյուջեն

Երևանի ավագանին այսօր կայացած նիստում հաստատեց 2023թ․ տարեկան բյուջեն։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ 

«Հաջորդ տարի եկամուտների գծով նախատեսված է 105,103,316.6 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 105,535,919.3 հազ. դրամ։

Ուզում եմ առանձնացնել մի շարք խոշոր ու նշանակալից ծախսային ծրագրեր, որոնք նախատեսում ենք իրականացնել․

Կհիմնանորոգվի թվով 24 մանկապարտեզ, թվով 6 մանկապարտեզի բակ, ինչպես նաև ավարտին կհասցվի դեռևս 2022 թվականին մեկնարկած թվով 9 մանկապարտեզի հիմնանորոգումը։

Կապիտալ հիմնանորոգում կիրականացվի թվով 69 բակերում, կվերակառուցվի թվով 17 ֆուտբոլի դաշտ, բակային տարածքներում կտեղադրվեն խաղասարքեր, նստարաններ, զրուցարաններ, ինչպես նաև Երևանի բոլոր վարչական շրջաններում կիրականացվեն բակային տարածքների ընթացիկ նորոգման և պահպանման աշխատանքներ։

Վերելակների շարունակական հիմնանորոգումը, որի արդյունքում մայրաքաղաքի շենքերում կփոխարինվի 100, իսկ հետագա հիմնանորոգման նպատակով տարվա ընթացքում ձեռք կբերվի ևս 600 վերելակ:

Առաջնային բուժօգնությունը բարելավելու նպատակով կհիմնանորոգվի թվով 2 պոլիկլինիկա:

Նախատեսվում է հիմնանորոգել թվով 14 հանգստի գոտի, ինչպես նաև կատարել ընթացիկ բնույթի նորոգման աշխատանքներ Երևան համայնքի տարբեր այգիներում։

Համայնքային ենթակայության տակ գտնվող նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններում աշխատավարձի ֆոնդը նախատեսվում է բարձրացնել շուրջ 11.48%-ով։

Ջրահեռացման և կոմունիկացիոն ցանցերի կառուցման գծով նախատեսվում է վերակառուցել թվով 7 տարածքում ջրահեռացման կոյուղագծերը:

Շարունակվելու են ոռոգման ցանցի կառուցման և վերանորոգման ծրագրերը:

Տրանսպորտային համակարգի արդիականացում ծրագրով նախատեսված է իրականացնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի հ.16 հասցեի վարչական շենքի կառավարման կենտրոնի կառուցման աշխատանքները:

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կմեկնարկեն Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները:

Բնապահպանական կայանների կառուցման ծրագրով Գետառ գետի վրա (Հրազդան գետի թափվելու վայրում) կկառուցվի մաքրման կայան:

Բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման ծրագրով կիրականացվեն թվով շուրջ 200 բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքեր։

Բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգում և բազմաբնակարան շենքերի թեք տանիքների վերանորոգում ծրագրերի շրջանակում կկատարվեն շուրջ 69000 քմ հարթ և շուրջ 50 բազմաբնակարան շենքների թեք տանիքների հիմնանորոգման աշխատանքներ:

Շուրջ 40,000.0 հազ. դրամ կհատկացվի գրադարանների վերազինման, մասնավորապես՝ նոր թողարկված, արդի և ժամանակակից գրականության ձեռքբերման նպատակով։

Սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով էլ նախատեսված է 512,261.9 հազ. դրամ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական