Երևան

Շենքերի վրա ինքնակամ կառույցները վտանգ են ներկայացնում բնակիչների համար. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շենքերի վրա ինքնակամ կառույցները վտանգ են ներկայացնում բնակիչների համար. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում անդրադարձել է Երևանի ինքնակամ շինությունների խնդրին։

Նա տեղեկացրել է, որ քաղաքապետարանը վերջին շրջանում ավելի ակտիվ իրականացնում է քանդման և մաքրման աշխատանքներ. «Նման աշխատանքներ նկատած լինեք հանրային տարածքներում, մայթերին, օղակաձև այգում, Մերգելյանի այգում։ Վերջերս Պետգույքի հետ համատեղ լավ աշխատեցինք ու մի անճոռնի կրպակ էլ վերացրինք պատկերասրահի կամարների տակից։ Այս աշխատանքներն իրականացվում են համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակներում։ Գաղտնիք չէ, սակայն, որ մինչ օրս օրինակներ կան, երբ քաղաքացիներն ինքնակամ շինություններ են կառուցում բազմաբնակարան շենքերի տանիքներին, մանսարդային հատվածներում։ Այսինքն, կարող ենք տեսնել շենքեր, որոնց տանիքին փոքր շենք կամ տուն է կառուցված։ Եվ այդտեղ քաղաքապետարանի, համայնքի ղեկավարների լիազորություններն ու անելիքը բավական սահմանափակ են եղել։ Այդ կառույցները հաճախ իրականացվում են առանց քաղաքաշինական և սեյսմիկ անվտանգության նորմերի պահպանման և իրականում անմիջական վտանգ են պարունակում հենց այդ կառույցն իրականացնողի և շենքի բոլոր բնակիչների համար»։

Ավինյանը տեղեկացրեց, որ այս ամենը հաշվի առնելով՝ իրենք հանդես են եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով նոր կարգավորումներ, որոնց արդյունքում շենքի կառավարման մարմինը և համայնքը հնարավորություն կստանա իրականացնել ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։ «Սա տրամաբանական է, մանավանդ, որ քաղաքապետարանն ինքն է գնահատում ու որոշում շենքերի հարկայնությունը, խտությունը»,- ասաց Ավինյանը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ եթե որևէ արտակարգ դեպք պատահի, մարդկանց առաջին արձագանքը կլինի, թե՝ «Ո՞ւր էր նայում կառավարությունը, քաղաքապետարանը, ինչո՞ւ են անգործություն ցուցաբերում»։ Ըստ Փաշինյանի՝ պետք է հաստատվի կարգուկանոն, և սա միանգամայն ճիշտ ու կարևոր նախագիծ է։

Նշենք, որ Կառավարությունը լրացում կատարեց 2007թ.-ի որոշումներից մեկում. նպատակն է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր աշխատանքների և միջոցառումների շարքում նախատեսել նաև ինքնակամ շինարարության կանխարգելումը և դրանց հետևանքների վերացման (քանդման) ապահովումը, ընդհանուր օգտագործման տարածքների ապօրինի զավթման կանխարգելումը, դրանց հետևանքների վերացման ապահովումը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական