Երևանի քաղաքապետարանում անցկացվել է «Երևան 2․0․՝ դեպի ավելի ընդգրկուն և կանաչ վերականգնում» ծրագրի ղեկավար խորհրդի ամփոփիչ նիստը: Հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:
Ծրագրի իրագործման շնորհիվ համայնքն ունի մի շարք ձեռբերումներ, այդ թվում՝ «Դոնաթ» նորարարական տնտեսական մոդելի տեղայնացման հիման վրա Երևանի զարգացման կերպարի ստեղծումը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-2 թաղամասում գտնվող այգում բացօթյա դասարանի կառուցումը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող «Առևտրային թույլտվություն» և «Նոր հասցեների տրամադրում» ծառայությունների թվայնացումը:
Մշակվել է dimum.yerevan.am առցանց հարթակը, որից օգտվել է ավելի քան 700 տնտեսվարող։ Հաշվի առնելով հարթակի հաջողությունները՝ նախատեսվում է առևտրային թույլտվությունների բաղադրիչ ծառայությունը 2023թ․ հունվարից գործարկել բացառապես առցանց տարբերակով։
«Կարծում եմ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մեր գործընկերների հետ շարունակական և փոխշահավետ համագործակցության շնորհիվ մենք կհասնենք ցանկալի արդյունքի և կկարողանանք դիմակայել համայնքի առջև կանգնած մարտահրավերները քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Հուսով եմ՝ քաղաքում նորարարական գաղափարների ներդրմանը միտված մեր համագործակցությունն այսքանով չի ավարտվի և կկրի շարունակական բնույթ»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Նաթիա Նացվլիշվիլին, ընդգծելով քաղաքի զարգացմանն ծրագրերի, մասնավորապես, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացման գործընթացը, նշել է, որ քաղաքապետարանի հետ ձևավորվել է նոր ու հետաքրքիր փոխգործակցություն: Նա հավելել է, որ ՄԱԶԾ-ն պատրաստ է շարունակել համատեղ նախաձեռնությունները: