Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատաժողովին ներկայացվել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կլիմայի փոփոխության նկատմամբ ռիսկերի և խոցելիության ուսումնասիրության արդյունքները՝ վեր հանելով գործունեության այն ուղղություններն ու շահառու խմբերը, որոնք առավել խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ:
Քաղաքի հարմարվողականության ռազմավարական ծրագիրը մշակվում է «Adwise» խորհրդատվական ընկերության կողմից՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ՝ ՄԱԶԾ կողմից իրականացվող «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի աջակցությամբ։
Որպես առաջին քայլ կազմվել է «Երևանի հարմարվողականության պլանի իրավիճակի գնահատման» հաշվետվությունը: Այդպես հնարավոր կլինի համապարփակ ուրվագծել կլիմային փոփոխության ռիսկերը քաղաքի տնտեսության՝ ներառյալ զբոսաշրջության և ծառայությունների, հանրային առողջության, ենթակառուցվածքների և բնական պաշարների ոլորտներում: Բացի այդ, մատնանշվում են նաև պետական կառավարման մարմինների և հաստատությունների դերերն ու պարտականությունները: Հաշվետվությունը մշակելու նպատակով փորձագիտական թիմն իրականացրել է համապատասխան իրավական, պլանավորման և այլ փաստաթղթերի ուսումնասիրություն:
Հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանը, քաղաքապետարանի և պետական գործընկեր մյուս կառույցների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ՄԱԶԾ ներկայացուցիչներ:
Լևոն Հովհաննիսյանը, ընդգծելով ծրագրի բնապահպանական և տնտեսական կարևորությունը, նշել է. «Քաղաքի համար կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր ունենալը կայուն զարգացման հիմքն է: Վերջին մի քանի տարիների ընթացքում Երևանը զգալի քայլեր է ձեռնարկել կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ հարմարվողականության հատուկ միջոցառումների իրագործելու նպատակով:
Հատկանշական է, որ այս տարի Երևանի զարգացման միամյա ծրագիրը համալրվել է նոր՝ «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված ծրագրեր» բաժնով: Այս առումով 2023 թվականին նախատեսվում է շարունակել ակտիվ համագործակցությունը ՄԱԶԾ-ի և Եվրոպական միության հետ՝ կյանքի կոչելու մի շարք կարևոր ծրագրեր, որոնք ուղղված են Երևանի քաղաքային ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարելավմանը և շրջակա միջավայրի պահպանության երկարաժամկետ ռազմավարության իրականացմանը:
Շարունակական կլինեն վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, հասարակական շենքերի ջերմամեկուսացման, էներգաարդյունավետության մակարդակի բարձրացման, տրանսպորտային համակարգի արդիականացման և խելացի լուծումների կիրառման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ նպատակ ունենալով նվազեցնելու CO2 արտանետումները»:
ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, բարձր գնահատելով համայնքային իշխանության ջանքերն ու պատրաստակամությունը, համոզմունք է հայտնել, որ համատեղ նախաձեռնությունները կնպաստեն խնդիրների ճշգրտմանն ու կնախանշեն դրանք լուծելու ուղիները