Երևան

Գերմանական ավտոբուսների առաջին խմբաքանակը շուտով Երևանում կլինի. Տիգրան Ավինյան

Գերմանական ավտոբուսների առաջին խմբաքանակը շուտով Երևանում կլինի. Տիգրան Ավինյան

Երևան քաղաքում տեղի ունեցող փոփոխությունները մեծամասամբ կապված են շինբարեկարգման ոլորտի հետ։ Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ ճեպազրույցում ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Երևան քաղաքի խնդիրներին և կատարված աշխատանքին։

«Մենք արդեն տևական ժամանակ ունենք մեծ խնդիր տրանսպորտի ոլորտում, որովհետև ավտոբուսների այն քանակը, որը սպասարկում է Երևան քաղաքը՝ բավարար չէ»,- ասաց Տիգրան Ավինյանը և այս համատեքստում նշեց, որ ձեռք է բերվել չինական ավտոբուսների մի չափաքանակ, ինչպես նաև տեղեկացրեց, որ նոր՝ գերմանական ավտոբուսներ են ներմուծվելու, որոնցից առաջին խմբաքանակը շուտով Երևանում կլինի։

Փոխքաղաքապետը նաև շեշտեց, որ միայն ավտոբուսներով տրանսպորտի հարցը չի լուծվում և կարևոր բաղկացուցիչ համարեց միասնական տրանսպորտային ցանցի, վճարման միասնական համակարգի, մետրոյի հետ համադրումների, կանգառասրահների, համապատասխան վայրերում էլեկտրոնային չվացուցակների տեղադրված լինելու հանգամանքները։

Տիգրան Ավինյանը հավաստիացրեց, որ որոշակի ժամանակ անց այս աշխատանքները նույնպես կիրականացվեն ու արդյունքները տեսանելի կլինեն երևանցիներին։ 

Նրա խոսքով՝ այժմ առավել մեծ կենտրոնացում կա վարչական շրջաններում համապատասխան ծառայությունների որակի և մակարդակի բարձրացման վրա, որպեսզի չստացվի, թե Երևանը միայն Կենտրոնն է։ Փոխքաղաքապետը նշեց՝ փուլ առ փուլ հասնում ենք նախանշված նպատակին։

Հարցին՝ ինչու՞ ավելի վաղ չէր հանվում Հանրապետության հրապարակին կից ապօրինի կրպակը, Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ այդ հարցի պատասխանը պարզ է և հավելեց՝ «Դա բավարար կամքի և իրավական հնարամտության հարց էր, որը մենք մեր գործընկերների հետ՝ մասնավորապես Պետգույքի գործընկերների հետ, իրականացրեցինք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական