Երևան

Ձնամաքրման աշխատանքներին կներգրավվի 81 միավոր բազմաֆունկցիոնալ տեխնիկա

Ձնամաքրման աշխատանքներին կներգրավվի 81 միավոր բազմաֆունկցիոնալ տեխնիկա

Երևանի եղած ռեսուրսներն առավելագույնը պետք է պատրաստ լինեն ձմռանը. նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են: Ձնամաքրման համար կօգտագործվի ինչպես «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի, այնպես էլ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տեխնիկան:

«Այս պահի դրությամբ 51 միավոր մասնագիտացված բազմաֆունկցիոնալ տեխնիկա ունի ԵԱՍՄ հիմնարկը, և 26 միավոր տրամադրել է մեզ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, մնացած փոքր տրամաչափի տեխնիկայի՝ տրակտորների հետ միասին ընդհանուր առմամբ ձյան մաքրման աշխատանքներին կմասնակցի 81 միավոր տեխնիկա»,- նշում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Մինչ աղբահանության մեքենաները զբաղված են քաղաքի մաքրությամբ, հավաքակայանում իր հերթին է սպասում ձնամաքրման հատուկ տեխնիկան: Բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաներն արդեն վերապրոֆիլավորվել են: Մայրաքաղաքում ձնամաքրման համար «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկը նախատեսում է պահեստավորել շուրջ 12 հազար տոննա աղի և ավազի խառնուրդ, 6000 տոննան՝ արդեն պահեստավորված է:

Այգիների, քաղաքի տարբեր հատվածներում առկա աստիճանավանդակների ու ընդհանուր օգտագործման այլ տարածքների մաքրման հարցում ևս համայնքային երկու կառույցները կմիավորեն ուժերը: Գործընթացին կներգրավվի շուրջ 700 աշխատակից:

«Մեր գերակա խնդիրն է՝ առավելագույնը եղած ռեսուրսներով քաղաքը պահել մաքուր, անհարմարություններ չստեղծել բնակիչների համար: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ եղած տեխնիկական և մարդկային ռեսուրսներով քաղաքապետարանը պատրաստ է, բնության հետ ոչ մի կանխատեսումով չենք կարող որևէ անակնկալից խուսափել»,- նկատում է Կամո Արեյանը:

Բազմաբնակարան շենքերի մուտքերի ու հարակից տարածքների մաքրման գործում պատասխանատուն համատիրություններ են: Համայնքը վերջիններին կաջակցի անհրաժեշտ քանակի աղ ու ավազով:

«ԵԱՍՄ հիմնարկը չի գնալու և որևէ շքամուտքի աստիճան չի մաքրելու: Այս պահից հայտարարում եմ. ԵԱՍՄ-ի բանվորը մաքրում է ընդհանուր օգտագործման տարածքները, շենքի շքամուտք տանող աստիճանները պարտավոր են մաքրել կառավարման մարմինները՝ իրենց բնակչի միջոցով: Սա էլ օրենքի պահանջ է, սա էլ օրենքով ամրագրված է»,- ընդգծում է Երևանի քաղաքապետի խորհրդականը:

Երևանի ավագանու որոշմամբ էլ հստակ ամրագրված է, որ մայթերի մաքրման հարցում պատասխանատու են նաև տնտեսվարողները: Այս պահին համայնքը շարունակում է ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ:

«Սա նորություն չէ, ՀՀ-ն և Երևանի քաղաքապետարանը չի հնարել, ամբողջ աշխարհի քաղաքներում այս մշակույթը տարիներով արմատավորված և հստակ գործող միջոցառում է, պայման ու պարտականություն: Առանց սպառնալու, որ կտուգանենք, այո՛ կտուգանենք, հիմա ծանուցումների ուղարկման գործընթացն է, իմ խնդրանքն ու հորդորն է, որ տնտեսվարողները կատարեն ավագանու սահմանած պահանջները: Այն Երևանի քաղաքապետարանի համար չէ գրված, գրված է Երևանը բարեկարգ ու մաքուր քաղաք պահելու համար»,- նշում է Կամո Արեյանը:

Հանրային պատասխանատվության կարևոր դրսևորումներից է նաև ձմռանը պարտադի՛ր ձմեռային անվադողերով երթևեկելը: Մեկ վարորդի անպատասխանատու վարքը կարող է բազմաթիվ վթարների, մարդկային կյանքերի, գույքային վնասի ու քաղաքային երթևեկության խոչընդոտների պատճառ դառնալ։

«Ամառային անվադողերով ունենում ենք խնդիր մայրաքաղաքի բոլոր հատվածներում: Ուստի քաղաքապետարանի անունից դիմում և հորդորում եմ հատկապես պարեկային ծառայությանը, որ իրենք ևս իրենց իրավասությունների շրջանակում անցնեն ծանուցումների և պարտադրանքի, որ բոլոր վարորդները մեքենաների անվադողերը փոխեն ձմեռային սեզոնի անվադողերի»,- ընդգծում է Կամո Արեյանը:

Ձնամաքրման հաստատված աշխատանքային պլանն ու գործողությունների ծրագիրն օրերս քննարկվել է նաև քաղաքապետարանում հրավիրված հանդիպման ընթացքում՝ վարչական շրջանների ղեկավարների, քաղաքային կառույցների ու մատակարար ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ձմռան համար մեքենաների բաշխումն իրականացվել է ըստ վարչական շրջանների՝ հաշվի առնելով ծավալը, ռելիեֆի բարդությունն ու օդի ջերմաստիճանի տարբերությունը:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում, ի դեպ, այսօր շինարարական ակտիվ եռուզեռ է: Կառուցվող նոր մասնաշենքում աշխատակիցների համար կլինեն լոգախցիկներ, խոհանոց ու հանգստի սենյակներ: Կառույցը կունենա նաև պահեստամասերի տարածքներ և նորոգման արտադրամասեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական