Երևան

Երևանի ավագանին ընդունեց հրավառությունները կանոնակարգող որոշումը

Երևանի ավագանին 47 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց Երևանում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլատրելի վայրերը, պահանջներն ու պայմանները սահմանելու մասին որոշման նախագիծը։ Այն ավագանու նիստում ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Իր եզրափակիչ ելույթում Ավինյանն անդրադարձավ հրավառությունների կազմակերպման նկատմամբ վերահսկողությանը։ Նա շեշտեց, որ ավագանու որոշումից բացի լինելու է նաև օրենք։ Ըստ Ավինյանի՝ եթե որևէ մեկը փորձի հրավառություն ներմուծել կամ արտադրել առանց լիցենզավորման, կենթարկվի պատասխանատվության. «Եթե մաքսանենգ ճանապարհով պատրաստ է հրավառություն բերել ու մասնավոր միջոցառմանը հատկացնել, դա էլ է քրեական պատասխանատվություն ենթադրում։ Այսինքն, փաթեթն ամբողջական է»։

Տիգրան Ավինյանը նշեց, որ քաղաքապետարանն էլ ունի բավական գործիքակազմ՝ ազդելու որոշումների փաստացի իրականացման վրա։ «Այս խնդիրը հանրության ոչ թե մեծամասնության, այլ գերակշիռ մեծամասնության մտահոգությունների ցանկում է, հետևաբար, որոշումը, վստահաբար, բխում է հանրային շահից»։