Երևան

«Ընդդիմությունը միշտ հնարավորություն ունի՝ հարցեր բարձրաձայնել». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում անդրադարձել է Երևանի ավագանու՝ 2009թ. հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին։ Առաջարկվում է որոշման մեջ ներառել հետևյալ կետը. «Օրակարգի նախագծում ներառված հարցերը քաղաքապետի կողմից նշվում են որպես զեկուցվող կամ չզեկուցվող՝ կախված հարցի քննարկման անհրաժեշտությունից»։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ Երևանի ավագանու նիստերը համեմատելի չեն ՀՀ կառավարության նիստերի հետ, որտեղ ևս չզեկուցվող հարցեր կան. «Կառավարությունում, որպես այդպիսին, ընդդիմություն չկա, ավագանին տրամաբանորեն ունենալու է ընդդիմություն։ Եվ, Աստված մի արասցե, եթե վաղը ձևավորվի այնպիսի իշխանություն, որ ուզի հրապարակային քննարկումներից զերծ մնալ, ինչ-որ բաներ կոծկել չզեկուցվող հարցերով, ընդդիմությունը միշտ հնարավորություն ունի այդ հարցը բարձրաձայնել և ավելի մեծ աղմուկ բարձրացնել հարցի վերաբերյալ, քան եթե հարցն ի սկզբանե զեկուցվող լիներ»։

Ըստ Ավինյանի՝ ավագանու որոշումների բոլոր նախագծերը հրապարակման ենթակա են. «Բայց ընթացակարգային որոշումները, որպես կանոն, քննարկում, հարցեր չեն ենթադրում, միակողմանի, միաձայն անցնում են. ուղղակի ժամանակը կարելի է խնայել»։